Թուրք ծերունին պատմել է այն հրաշքի մասին, որ կատարվել է հայերի աղոթքի շնորհիվ

20-05-2018 21:12:09   | Հայաստան  |  Առեղծվածներ
 

 
 
 
Համացանցի և տեղեկատվական ահռելի հոսքերի ներկայիս դարում տարբեր առիթներով հաճախ ենք լսում աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցած հրաշքների ու հրաշագործությունների մասին: Նման դեպքերում մարդիկ գրեթե միշտ փորձում են բացատրություն գտնել` դիմելով այսօր արդեն հսկայական կարողություններ ունեցող գիտության օգնությանը: Երբեմն դա հաջողվում է նրանց, պարզվում է, որ հրաշքը խաբեության, շառլատանության դրսևորում է կամ բնության ինչ-որ արտասովոր երևույթ: Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ նույնիսկ ժամանակակից գիտությունն իր արդիական տեխնիկայով ու փայլուն մասնագետներով չի կարողանում բացատրություն տալ հրաշքին, կատարված կամ դեռ շարունակվող արտառոց երևույթին, ակնհայտ փաստերին:
Ստորև ներկայացվող դեպքերն այն բազմաթիվներից ընդամենը մի քանիսն են, որոնք տեղի են ունեցել Հայաստանում ու վկայում են, որ մեր երկրում նույնպես եղել են զարմանալի, անբացատրելի ինչ-որ բաներ ու նույնիսկ հրաշքներ, որոնք արդի գիտության տեսանկյունից դեռ անհնար է բացատրել: Պարզվում է, միայն վերջին 100 տարում այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, դրանց մի մասի վերաբերյալ ընդամենն աղոտ հիշողություններ են պահպանվել, ականատես վկաներին գտնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար: Այնուհանդերձ, կան նաև համեմատաբար թարմ դեպքեր, որոնցից նաև այս մեկն իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուով մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը:
«1940-ականների սկզբի մռայլ ժամանակաշրջանի օրերից մի օր խորհրդային իշխանությունների կողմից հալածվող Սուրբ Էջմիածնի վանքի տարածք է մտնում մի թուրք տարեց մարդ: Բակում այդ ժամանակ գտնվող մի քանի աղջնակներից խնդրում է, որ իրեն հանդիպեցնեն մի որևէ հոգևորականի: Աղջիկներից մեկը` Նադեժդա Հակոբյանը, նրան ուղեկցում է իր հարազատ քեռու` Ս. Սինոդի հոգևոր պաշտոնյա Վահան Կոստանյանի մոտ: Ծերունին իր մասին ասում է, որ վաղուց ապրում է մոտակա Մեհմանդար (այժմ` Հովտաշատ, Արարտի մարզի Մասիս քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք.- Ծ.Հ.) գյուղում և հայտնում է, որ իր հոգում ծանրացած մղումն է դրդել իրեն գալ Հայոց Մայր Տաճար և պատմել տասնամյակների վաղեմության մի եղելություն: Եվ արքեպիսկոպոսի, մի քանի քահանաների և այն աղջիկների ներկայությամբ սկսում է իր պատմությունը: Ասում է, որ Սարդարապատի ճակատամարտը (տեղի է ունեցել 1918թ. մայիսի 21-27-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև.- Ծ. Հ.) արդեն մի քանի օր շարունակ ընթանում էր, հայերը քաջարի դիմադրում էին, սակայն ուժերը խիստ անհավասար էին, քանի որ թուրքերը շարունակ համալրում էին իրենց շարքերը շրջակա վայրերի թուրքական գյուղերի բնակչությունից: Նման մի համալրման արդյունքում էլ նա է հայտնվում ճակատում: Այդ ժամանակ թուրքերն արդեն պատրաստվում էին դիմել վճռական գործողությունների: Եղանակը արևոտ էր ու շոգ, և հանկարծ մի այնպիսի սաստիկ քամի է բարձրանում, ինչպես ծովի հզոր փոթորիկ: Դիրքերում գտնվող թուրքերի աչքերի առջև մի գետ, որը, ըստ իրենց կարծիքի, Սև ջուրը պետք է լիներ, ափերից դուրս
ելավ, ու փոթորիկն այդ գետի ջրերը սկսեց շատացնել ու տարածել չորս բոլորը, մի մեծ ծովի վերածվեց, հայերին ամբողջությամբ տակովն արեց ու ծածկեց, և հեռուներում չէր երևում ոչ մի բնակավայր, ամեն ինչ ծածկվել էր այդ ծովի ջրերով և միայն Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչն էր ջրերից դուրս մնացած երևում: Ծովը փրփրած, ալիք առ ալիք շարունակում էր գրոհել դեպի թուրքական դիրքերը: Թուրքերն իրենց կյանքը փրկելու համար դուրս են գալիս դիրքերից և թողնելով զենք, զինամթերք, թնդանոթներ և ամեն ինչ, խուճապահար ու գլխապատառ դիմում են փախուստի: Վախով մեկ-մեկ հետ են նայում և տեսնում, որ ծովը գրոհում է թիկունքից, նրանց հագուստներն էին թրջվում: Նա թվարկում է մի քանի գյուղերի անուններ, որոնց մոտով իրենք անցել են վազքով: Հասնելով բավական հեռու և ապահով վայրեր, կանգ են առնում և միմյանց հետ կիսվելով այդ դեպքերի մասին, կարծում են, թե իրենց Ալլահը հայերին արդեն կործանել է, հաղթանակ պարգևել թուրքերին, և իրենք էլ փրկվել են: Միայն որոշ ժամանակ անց են հասկանում հանգամանքների իսկությունը, որ ամեն ինչ ընթացել է իրենց պատկերացումներին հակառակ, որ ոչ մի հեղեղ էլ չի եղել, անգամ անձրև էլ չի եկել, և հայերի ամենազոր Աստվածը պահել է իր փոքրիկ հոտն ու եկեղեցին: Եվ թուրք ծերունին այս հրաշալի պատմությունը անելուց հետո ասում է, որ այս հեղեղի մասին անգամ անձրև էլ չի եկել, և հայերի ամենազոր Աստվածը պահել է իր փոքրիկ հոտն ու եկեղեցին: Եվ թուրք ծերունին այս հրաշալի պատմությունը անելուց հետո ասում է, որ այս հեղեղի մասին դեռ երկար ժամանակ բազմաթիվ թուրքեր են իմացել ու խոսել»:
Հեղինակի տեղեկացմամբ, թուրք ծերունին ասում է նաև, որ ինքն իրեն պարտավորված էր զգում հայերին այս ամենի մասին անպայման տեղյակ պահելու: Նրան առաջարկում են ընդունել քրիստոնեական մկրտություն, որից թուրքը հրաժարվում է իր հոր հիշատակը նկատի ունենալով, սակայն միաժամանակ նշում է, որ մեծ հարգանքով է վերաբերվում հայոց հավատին ու հայերի Զորավոր Աստծուն:
Իր վերոնշյալ հիշողությունները Նադյա մայրիկը (Նադեժդա Հակոբյանը) տասնամյակներ անց, Արցախյան պատերազմի մութ ու ցուրտ տարիներին պատմել է իր որդուն` ազատամարտիկ Արամին:
«Որպես այս պատմության հավելում,- գրել է Աշոտ Հունանյանը,- հարկ է հիշել, որ այդ բախտորոշ ճակատամարտի ողջ ընթացքում Սուրբ Էջմիածնում շարունակական աղոթք էր ընթանում և անընդհատ զարկում էին եկեղեցիների զանգերը»:
Ընթերցողներին թերևս կհետաքրքրի, թե ով է եղել վերոնշյալ Վահան Կոստանյանը: Վահան արքեպիսկոպոս Կոստանյանը ծնվել է Վաղարշապատում, 1881թ. փետրվարի 3-ին: 1907-ին ավարտել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1905-1920 թթ. աշխատել է Ս. Սինոդում որպես քարտուղար, հետո վարել է տարբեր պատասխանատու պաշտոններ: 1944 թ. ձեռնադրվել է աբեղա, ապա վարդապետ: 1945թ. օծվել է եպիսկոպոս, իսկ 1949-ին արքեպիսկոպոս: 1944-1949 թթ. եղել է նախ Իրանա-Հնդկաստանի, ապա Իրանի Հայոց թեմի առաջնորդ: 1949-1954 թթ. գործել է Մայր Աթոռում, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է եղել, իսկ 1954-1955 թթ.` այդ խորհրդի նախագահող անդամ: 1953-1955 թթ. Վրաստանի Հայոց թեմի առաջնորդն է եղել:
Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, «Մխիթարիչ» ՀԿ նախագահ, հասարակական գործիչ, ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի երբեմնի գիտաշխատող Խաչիկ Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր հոր պատմածը 20-րդ դարասկզբին Վարդենիսի եկեղեցու հետ կապված երեք հրաշքների մասին: Տեղեկացնենք, որ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902-1912 թթ., ինչպես ենթադրվում է, ավելի հին ժամանակներից գոյություն ունեցած եկեղեցու տեղում։
«Ես այն ժամանակ փոքր եմ եղել, հորս պատմածն եմ ներկայացնում,- մեզ հետ զրույցում ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Քանի որ Վարդենիսում եղած փոքր, խոնարհ եկեղեցին ավերակ վիճակում է եղել, տեղացիները 20-րդ դարասկզբին որոշել են նոր եկեղեցի կառուցել: Այն ժամանակ Վարդենիսում շատ թուրքեր են եղել, նրանց առաջնորդը` Սամանդ աղան, իր պատշգամբում նստած, տեսել է, թե ինչպես են հայերը սայլերով քար տեղափոխում` Վարդենիսի այժմ գործող եկեղեցին կառուցելու համար: Լեռներից գալու ժամանակ եզներից մեկը ոլորապտույտ ճանապարհից դուրս է եկել և 5-10 մետր բարձրությունից ընկել ներքև: Սակայն ո՛չ եզներն են սատկել, ո՛չ սայլն է շրջվել, ոչ էլ քարերն են թափվել: Սա տեսնելով` թուրքերի առաջնորդն իր կողմից մի քանի սայլ քար է բերել, նվիրել հայերին»:
Այդ եկեղեցու հետ կապված հրաշքները, սակայն, սրանով չեն ավարտվում: Տեղի բնակիչներից մեկը, որը մյուսների նման մեջքին կապած քարը վեր բարձրացնելիս է եղել` վարպետներին փոխանցելու համար, մեր զրուցակցի տեղեկացմամբ, բավական մեծ բարձրությունից վայր է ընկել, բայց հրաշքով ոչ միայն չի մահացել
, այլև լուրջ վնասվածք չի ստացել, ընկնելուց հետո նույնիսկ վեր է կացել ու քարը բարձրացրել վերև: Անդրադառնալով Վարդենիսի եկեղեցու հետ կապված երրորդ հրաշքին, Խաչիկ Ստամբոլցյանն ասաց.
«Կոլեկտիվացման տարիներին կոմունիստներն այդ եկեղեցին վերածել են կոլտնտեսության պահեստի: 1935 թվականին, երբ մահացել է Վարդենիսի բնակիչներից Թովմաս սարկավագը, տեղացիներն այդտեղ կարգված ժողովրդական կոմիսարից խնդրել են թույլ տալ նրա մարմինը հուղարկավորությունից առաջ դնել եկեղեցում: Քանի որ Թովմասի գերդաստանը Վարդենիսում բավականին հայտնի է եղել և հեղինակություն վայելել, նարկոմը, որ կաշվե բաճկոնով, ակնոցով, կարդացած մեկն է եղել, թույլատրել է: Այդ մարդը գիշերը բնական պետքերը հոգալու համար տնից դուրս գալով, հանկարծ տեսել է, որ եկեղեցին այրվում է: Մտածելով, որ Թովմասի հարազատները դրանից ժամեր առաջ վառվող մոմերը մինչ տուն գնալը չեն հանգցրել, կարծել է, թե այդ պատճառով է այրվում կոլտնտեսության պահեստը: Գոռացել, իմաց է տվել շրջապատի բնակչությանը: Մեծ աղմուկ է բարձրացել: Մարդիկ, դույլերն առած, վազել են, որ հրդեհը հանգցնեն: Սակայն տեղում զարմանքից ապշել են` տեսնելով, որ եկեղեցին ոչ թե հրդեհվում է, այլ նրա պատերի վրայով բոցե լեզվակներ են բարձրանում: Երբ ձեռքերը մոտեցրել են այդ բոցերին ու նույնիսկ եկեղեցու պատերին դրել, ջերմություն չի եղել, ձեռքերը չեն այրվել:
Մարտունուց, Վարդենիսի գյուղերից և այլ վայրերից ժողովուրդը հավաքվել, հուզմունքից արտասվել ու ծնկաչոք աղոթել է, որ հրաշք է տեղի ունեցել, Աստված այցելություն է կատարել: Սակայն կարճ ժամանակ անց եկեղեցու մոտ պահակներ են դրել ու մարդկանց արգելել մոտենալ: Երբ իրավակարգի այն ժամանակվա պահապանները Մարտունուց եկել, գանահարել, ծեծել են մարդկանց, պահանջել հեռանալ եկեղեցուց, մեկն ասել է` ինչո՞ւ եք մեզ ծեծում, ձեր նարկոմն էլ է տեսել: Իմանալով այս մասին` կուսակցական ղեկավարները նրան կանչել են Մարտունի, և երբ կոմիսարը նույնությամբ պատմել է իր տեսածը, ինչ-որ մեկն ուժգին հարվածով նրան տապալել է գետնին, հետո անշարժացած մարմինը ձիու վրա գցել, տարել են, և վարդենիսցիներն այդ մարդու մասին դրանից հետո այլևս ոչինչ չեն լսել»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 14274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար