Ադրբեջանցիների դեմ օդով դուրս եկած սուրբ հեծյալներն աներևույթ պատ սռեղծելով, փրկել են պաշարված հայերին

05-09-2018 21:01:08   | Հայաստան  |  Առեղծվածներ
 


 
 
 
Հասարակական-քաղաքական գործիչ, «Մխիթարիչ» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանին Հայաստանում շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի այս պատմությունը, որն իր հորից՝ Վարդան Ստամբոլցյանից լսել և իր հուշերում պահել է նա: Հայոց աշխարհում կատարված, ինչպես նաև հայերիս հետ կապված այս և մեկ այլ հրաշքի մասին ստորև ներկայացվող վկայություններն իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը:
1918 թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ հայոց աշխարհում ամենուրեք խառնաշփոթ էր և անորոշություն, Սեյիդ Իսային 15 հազարանոց զորքով, Վարդենիսի՝ այն ժամանակ Բասարգեչարի գերակշռող թուրք-ազերի բնակչության և Քելբաջարի թուրքերի աջակցությամբ  որոշում են վերջապես լիովին հայաթափել այդ տարածաշրջանը։ Հայկական մի քանի գյուղերի բնակիչներ վարդենիսցի մեծահարուստներ Արզոյան Հովհաննեսի և Բոյախչու Ղարիբ աղայի գլխավորությամբ հավաքվում են Վարդենիսում և կազմակերպում են ինքնապաշտպանություն: Բոլոր հայերը համախմբվում են և որպես ճշմարիտ քրիստոնյաներ միասնաբար, ամեն հնարավոր միջոցներով դիմակայում են թուրք հրոսակների գրոհներին։ Միաժամանակ չեն դադարում նաև պատարագներն ու աղոթքները հայոց եկեղեցում։ Պաշարումն ու հայության հերոսական ինքնապաշտպանությունը ձգվում են ամիսներ։ Ուժերը չափազանց անհավասար էին և, ի վերջո, հունիս ամսին հայտնի հետախույզ Սահակ Պողոսյանը և իր համագյուղացի Բաղիշ Պետրոսյանը հնարամտությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից և օգնություն ստանալու հույսով հասնել շրջակա հայկական բնակավայրեր ու Նոր Բայազետ։ Նրանք լուր են տալիս այդ ժամանակ բազմահազարանոց հայ գաղթական զանգվածի հետ այնտեղ գտնվող զորավար Անդրանիկին, որ հայությունը Բասարգեչարում պաշարման մեջ դեռ դիմակայում է և խիստ անհրաժեշտ է օր առաջ օգնության հասնել։
Անդրանիկը չկարողանալով թողնել գաղթականությանը, խորհուրդ
է տալիս դիմել վարդենիկցի հայտնի խմբապետ Տաղլարի Աղաբեկին, որն այդ ժամանակ գտնվում էր Զանգեզուրում և արդեն տեղյակ էր դեպքերին: Բանագնացները վերադառնում են Բասարգեչար`զենք ու զինամթերքի որոշ պաշարով: Բասարգեչարցիները վճռականորեն շարունակում են ինքնապաշտպանությունը: Շուտով օգնության են հասնում Աղաբեկը` Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ գյուղերի մոտ 700 կամավորներով համալրված իր զորախմբով, ինչպես նաև Ներքին Գետաշենից Նիկոլ Դրամփյանը և Լճաշենից հայտնի հայդուկապետ Ռուբեն Թարփոշյանն իրենց խմբերով: Թիկունքից հարվածում են տասն անգամ իրենց գերակշռող թուրքական ուժերին, գլխովին ջախջախում ու կոտորում են ողջ թուրքական բանակը: Վերացվում է պաշարումը, ապա արդեն միավորված զորախմբերով ամբողջ Վարդենիսը ազատագրում են թուրքական ներկայությունից, որոնց մնացորդներն էլ փախչում են Ադրբեջանի խորքերը։
Ավաղ, երբ եկան բոլշևիկները, առաջին բանը, որ արեցին, դա՝ Արզոյան Հովհաննեսին կախաղան հանելն էր, հետո խաբելով Զանգեզուրից կանչում, հետ են բերում Աղաբեկին և նրան նույնպես սպանում են: Իսկ իբրև այս ամենի տխուր վերջաբան`հետ բերեցին թուրքերին և վերաբնակեցրին ողջ Վարդենիսի տարածքում, ուր որպես գերակշռող մեծամասնություն, նրանք մնացին մինչև Ղարաբաղյան շարժման օրերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռազմաճակատից վերադարձավ նաև Վարդան Ստամբոլցյանը, ում տուն հաճախ այցելում էր մի ադրբեջանցի, որը նրա ընտանիքի «քիրվան» (եղբայր) էր համարվում և գալիս էր Վարդենիսի կիրակնօրյա շուկա առևտուր անելու։ Այդ ժամանակ նա արդեն բավական տարեց մարդ էր՝ 100 տարեկանին մոտ, և ապրեց մինչև 115 տարի։ Մի անգամ միասին բակ դուրս գալուց հետո, այդ ծերունին ձեռքը մեկնում է գյուղի մի ծայրի ուղղությամբ և հարցնում. «Վարդան՛, ա՜յն կողմում ի՞նչ կա»։ Պատասխանում է. «Սուրբ Վարդան քարայրն է, որտեղ ըստ ավանդության, Ավարայրի ճակատամարտից առաջ եղել է Վարդան Մամիկոնյանը, և որտեղից առ այսօր աղբյուր է բխում»։ Հետո ծերուկը ձեռքը մեկնում է նախկին գերեզմանոցի կողմ ու կրկին հարցնում. «Ա՜յ այս կողմում ի՞նչ կա»։
«Այնտեղ գտնվում է տեր Խաչատուրի գերեզմանը՝ նա եղել է 19-րդ դարում Վարդենիսի քահանաներից մեկը, որին ժողովուրդը հիշում է որպես մի բարեպաշտ հոգևորականի»։  Ըստ ավանդության, նա պատարագներից հետո վերցնում էր սննդամթերք, դուրս էր գալիս գյուղի եզրը, կանչում էր գայլերին, կերակրում էր և հորդորում, որ գյուղի անասուններին չվնասեին։ Իր մահից հետո ժողովուրդը յուրովի սրբացրել էր տեր Խաչատուրին և նրա գերեզման վկայելը մարդկանց մեջ ընդունված էր որպես ճշմարիտ խոսքի վերջին հավաստիք։
Ապա ծերունին նորից ձեռքը մեկնում է մի այլ ուղղությամբ ու հարցնում. «Ա՜յ այնտեղ, բա՛ այնտեղ ի՞նչ կա»։ Վարդանը նորից պատասխանում է. «Այնտեղ, արտերի մեջ կա մի խոնարհված, խաչաձև եկեղեցու հիմք, որը Թուխ Մանուկ է կոչվում»։ Ադրբեջանցին շարունակում է. «Գիտես, Վարդան, երբ 1918 թվականին մենք
շրջապատել էինք Վարդենիսը և մեկ տարի պահեցինք պաշարման մեջ ու ամեն անգամ, երբ առավոտյան մենք գրոհում էինք, փորձելով գրավել այն, մեր դեմ օդով դուրս էին գալիս երեք հեծյալներ։ Մեկն այդ քո ասած քարայրի կողմից էր գալիս՝ սպիտակ ձիով մի զրահավոր զորավար, մյուսն այդ գերեզմանի կողմից՝ սև ձի հեծած մի սևազգեստ հեծյալ, և երրորդը՝ քո ասած Թուխ Մանուկի կողմից՝ մի կիսամերկ մանուկ հեծյալ։ Եվ այդ երեք հեծյալները շարունակ պտտվում էին պաշարման եզրով և մենք այլևս անկարող էինք լինում անցնել այդ օղակից։ Իսկ երբեմն էլ լինում էր այնպես, որ մեր մեջ կռիվ էր ընկնում ու մենք անհասկանալի կերպով միմյանց էինք կոտորում»։
Այս պատմությունը հետագայում այդ ծերունին երեք-չորս անգամ նորից պատմել է:
Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս»‰ գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 6834 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար