Դադարեցվել է ատենախոսությունների պաշպանության ընդունելու գործընթացը

11-09-2018 15:05:27   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները: «Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում և տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով:
 


Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություններն ընդունելու գործընթացը՝ մինչև կունենանք այդ անհամապատասխանության հստակ պատկերը: Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, որը, բնականաբար, կոլափսի կենթարկի աստիճանաշնորհման  ողջ համակարգը»,-նշել է Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ ևս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների ընդունման ժամկետը և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշում կկայացվի՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են և խորհուրդներ, որոնց գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ: «Կարգի խախտումներով ձևավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, և խորհուրդները բերել օրինական դաշտ:  Վերջին ամիսներին ես ներկա եմ գտնվել մի քանի պաշտպանության և պետք է փաստեմ, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում. ուղղակի տեղի է ունենում քվեարկություն: Մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հետևաբար առաջիկայում պետք է այնպես արվի, որ եթե նրանք հավանություն տան խոտանված աշխատանքին, ապա կզրկվեն լինել խորհրդի անդամ կամ ատենախոսության ղեկավար: Առհասարակ, պետք է փաստել, որ մեր գիտությունը շատ ծանր վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտնականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլեր չեն ձեռնարկել՝ այն շտկելու համար»,-նշել է ԲՈԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ օրերս ԳԱԱ-ում հանդիպում է ունեցել ակադեմիկոսների և գիտնականների հետ և նրանց համագործակցության կոչ արել: «Որոշում ենք կայացրել՝ ստեղծել աշխատանքային խմբեր, և համատեղ ուժերով ձևավորել համապատասխան ձևաչափեր և չափորոշիչներ՝ բարելավելու այս ոլորտի գործունեությունը: Ցանկանում եմ նշել, որ եթե մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է «ոստիկանի» ֆունկցիա, ապա ներկայումս փոխվելու է դրա փիլիսոփայությունը՝ այն լինելու է, այսպես ասած, «բժշկական» կառույց, որը մտնելու է այդ գործընթացի մեջ ատենախոսությունը ներկայացնելու հենց առաջին օրվանից, վերահսկելու է գործընթացի ողջ օրինականությունը՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում և վերջում տալու է համապատասխան գնահատական: Այսինքն՝ ԲՈԿ-ը ոչ թե պատժելու է, այլ գնահատելու է իրական գիտնականին»-,ընդգծել է բանախոսը:
 
ԲՈԿ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար