Վարչապետն ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին

11-09-2018 16:31:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: 
 

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, Ծաղկաձորում տեղի ունեցած պատմական թռիչքի ժամանակ: Հույս ունենք, որ Հայաստանում թեթև աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, և առաջիկայում Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ և քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և հավելել. «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան, ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները»: Անվանի հեռացատկորդը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների և միջազգային տարբեր մրցաշարերի:
 
Այնուհետև քննարկվել են մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարներին, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացին և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 441 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար