Նոր էջից Հայաստան կառուցելու համար անցումային փուլը պետք է հասցնել ավարտին. «Սասնա Ծռեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



18-09-2018 14:38:02   | Հայաստան  |  Քաղաքական
 


Ցանկացած երկրում համակարգային փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ առանց անցումային փուլի. «Սասնա Ծռեր»-ը մշտապես կարևորել է ացումային փուլը, անցումային արդարադատության և անցումային ժողովրդարավարության հաստատումը: 
 
Ինչպես սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը, նոր էջից Հայաստան կառուցելու համար անցումային փուլը պետք է հասցնել ավարտին: 
 
Ըստ նրա՝ անցումային փուլն իրենից ենթադրում է գործադիր իշխանությանը հանրաքվեի միջոցով արտակարգ լիազորություններով օժտելը: 
 
«Գործադիր իշխանությունը որոշակի ժամանակով ստանում է նաև օրենսդիր գործառույթներ, որովհետև այսօր գործող օրենսդիր իշխանությունը և՛ անցյալի շարունակությունն է, և՛ սպառնալիք նոր Հայաստանին: Երկրորդը՝ այդ լիազորություններով օժտված գործադիր իշխանությունը պետք է անհապաղ նախկին վարչախմբի՝ բոլորի համար  ապացուցված հանցագործներին, գլխավորաբար ամենամեծ հանցագործներին վերցնի կալանքի տակ իրավունքի ուժով և ձևավորի անցումային արդարադատություն՝ երդվյալ ատենակալներից ձևավորված դատարաններ, որոնց հավանություն կտա գործադիրը և ժողովուրդը»,- մանրամասնեց Ա. Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ հապաղելու ժամանակ չկա: 
 
Նրա խոսքերով՝ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց, ինչը հնարավորություն տվեց ռևանշիստական ուժերին ակտիվանալ: 
 
Ա. Ենիգոմշյանի համոզմամբ՝ վերջին ներքաղաքական զարգացումները և արտաքին հարաբերություններում ունեցած խնդիրներն ավելի վտանագվոր կդառնան, եթե անցումային արդարադատության և անցումային ժողովրդավարության հաստատումն ուշանա: 
 
Իր հերթին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Վարդան Գերավետյանը նկատեց, որ ռևանշիստական ուժերի ակտիվացման մասին ահազանգող վերջին իրադարձությունը ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումն էր: 
 
Ըստ նրա՝ հատուկ ծառայությունների գաղտնալսումը կարող էր տեղի ունենալ նաև արտաքին ուժերի, մասնավորապես, Ռուսաստանի կողմից, քանի որ այդ երկրի իշխանություններն ակնհայտորեն հովանավորում են Ռոբերտ Քոչարյանին և ի դեմս նրա՝ ռևանշիստական բոլոր ուժերին:  
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 597 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար