ԲՀԿ-ի խոշոր վրիպումը

19-09-2018 11:18:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը
 


- Պարոն Սաֆարյան, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը անցնում է փոխադարձ մեղադրանքներով։ Մասնավորապես, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դեռ իրենք պետք է մտածեն, թե արդյոք համաձայն են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ։ Այս գործընթացը մինչև ո՞ւր կարող է հասցնել։
 
 
- Իմ կարծիքով, քարոզարշավն իսկապես բավական սուր է։ Սա առաջին ընտրությունն է, որը բավական քաղաքականացված է՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների։ Հիմա կարող ենք ասել՝ լավ է, վատ է, բայց բոլոր դեպքերում բավական քաղաքականացված է։ Հենց առաջին օրվանից հստակ էր, որ անավարտ հեղափոխության, հեղափոխությունը հետ շրջելու, հեղափոխությունն առևանգելու ռիսկի գործոնը շատ հստակ ազդելու է այս ընտրությունների վրա։ Բնականաբար, եթե իրավիճակին նայում ենք ՔՊ կուսակցության տեսանկյունից, բացատրելի է դառնում, թե ինչու է այդ ուժն այսպիսի քարոզարշավ վարում։ Եթե ասենք լինեին Երևանի խնդիրների մասին քննարկումներ, բնականաբար, տեղի կունենա հեղափոխության ընտրազանգվածի ֆրագմենտացիա, որտեղ ամեն մեկը կստանար իր փայաբաժինը հետհեղափոխական Հայաստանում։ Այս կտրվածքով, ոչ միայն օբյեկտիվորեն, այլ նաև քաղաքական տեսանկյունից, ՔՊ-ին ձեռնտու է ստանալ առավելագույնը, որպես հեղափոխությունն առաջնորդած միակ քաղաքական ուժ։ Բնականաբար, հասկանալի է, թե ինչու են սրում կոնտրհեղափոխության ալարմիզմը, հեղափոխությունը փրկելու, այն ավարտին հասցնելու համար։ Նաև հասկանալի է, թե ինչու են խոսում բացարձակ մեծամասնություն տանելու մասին։ Որովհետև սա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար ստուգատես է, հատկապես չունենալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ուրվագիծ և առաջիկայում դրան հասնելու շատ հստակ ճանապարհ։ Այսինքն՝ հայտնի չէ, թե ինչ զարգացումներով դա ձեռք կբերվի։
 
- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ստանալու առավելագո՞ւյնը։
 
- Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ոչ միայն ստանալու առավելագույնը, այլ նաև ըստ էության,  ինստիտուցիոնալացնելու իր իշխանությունը, որի առաջին և լուրջ հնարավորությունը Երևանի ավագանու ընտրություններն են։ Մյուս քաղաքական ուժերի վարքագիծը ևս հասկանալի է, որովհետև եթե չլիներ ընտրությունների քաղաքականացումը, ինչպես մեղադրում են ՔՊ-ին, բնականաբար, իրենք շանսեր կունենային ավելի մեծ կտոր վերցնելու, եթե խոսեին պրոֆեսիոնալ, շատ ավելի մրցունակ ծրագրեր ու թեկնածուներ ներկայացնեին։ Արդեն մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը կա, որ մեր թեկնածուն ավելի պրոֆեսիոնալ է և այլն։ Բայց ակնհայտորեն, երբ 3-4 օր է մնացել ընտրություններին, ակնհայտ է, որ թելադրող գործոնն, այնուամենայնիվ, հեղափոխությունն ավարտին հասցնելու, հեղափոխությունը փրկելու գործոնն է, եւ քաղաքական տեխնոլոգիայի առումով ՔՊ-ն ուղղակի անթերի է աշխատում։ Նրանք գիտակցում են, թե որքան թանկ է տասնամյակներով հաղթանակ չտեսած ժողովրդի համար այս նվաճումը և, բնականաբար, ինչպես ժողովուրդը կարձագանքի մնացած քաղաքական ուժերին, եթե նրանք ակնարկեն հեղափոխությունը տորպեդահարելու, հեղափոխությանը չսատարելու մասին։
 
ԲՀԿ-ի դեպքում ակնհայտ է այդ ֆիասկոն։ Ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը չկարողացան այդ ծրագրային բլոկը հակադրել քաղաքական գործոնին։ Որքան էլ 2017 թվականի ընտրություններում կար քաղաքական ուժերի խայտաբղետություն, բայց մենք չկարողացանք այն ժամանակ քաղաքական գործոնը դոմինանտ դարձնել և պարզվեց՝ ընտրակաշառքի, թաղային ու վարչական այլ գործոնները դոմինանտ դարձան, և արձանագրվեց ՀՀԿ-ի հաղթանակը։ Այժմ, իհարկե, նույնը չէ, ինչ անում է ՔՊ-ն, որովհետև ընտրությունների քաղաքականացումը, հեղափոխականացումը բացարձակապես քրեորեն հետապնդելի արարք չէ, ինչպես 2017-ին ՀՀԿ-ի արածը, բայց համենայն դեպս, ՔՊ-ն դրեց խաղի կանոն, որտեղ իր առավելություններն ակնհայտ մեծ են։ Ոչ միայն որպես հեղափոխությունն առաջնորդած ուժ, այլ նաև հեղափոխությունը ավարտին հասցնելու ուժ, որին կարող է տրվել այդ մանդատը։ ԲՀԿ-ն ակնհայտորեն գիտակցում է, որ այս նոր իրողություններում այն ֆունկցիոնալ պահանջը, որ նախկինում կար իր նկատմամբ, այժմ չկա։ Նախկինում, սիրեին ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար, թե ոչ, իսկ հիմնականում չէին սիրում, այնուամենայնիվ, միմյանց պահանջվածությունն ունեին։ ՀՀԿ-ին պետք էր ԲՀԿ-ի նման մի ուժ, բուֆերի կարգի, որը կառավարելի կպահեր և թույլ չէր տա արմատական ընտրազանգվածի ավելի մեծ կոնսոլիդացիա այլ բևեռի շուրջ։ ԲՀԿ-ի համար ՀՀԿ-ի առաջադրած խաղի կանոնները նույնպես ձեռնտու էին, որովհետև ՀՀԿ-ն չէր ցանկանա միակ ընտրակաշառք բաժանողը լինել։ Բնականաբար, իրեն պետք էր, որ լինեն այլ ուժեր, որոնք այդ նույն դաշտում կգործեին։ Դրանով լեգիտիմություն էր ստանում ՀՀԿ-ի մեթոդը, և ԲՀԿ-ն այդ դաշտում բավական մրցունակ էր։ Այժմ այդ դաշտը եթե չասեմ վերացված է, սարսափելի նեղացված է։ Հետևաբար, հարց է ծագում ԲՀԿ-ի դեպքում, եթե չի կարողացել ընտրությունների քաղաքականացման, հեղափոխականացման գործոնին հակադրել էֆեկտիվ մենեջերի, ավելի փորձառու կառավարչի գործոնները, ապա այդ դեպքում որտե՞ղ է երաշխիքը, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում կպահպանի իր դերը, որը եղել է նախկին խաղի կանոնների պայմաններում։ Ասենք, ԱԺ-ում եղել է երկրորդ քաղաքական ուժ, Երևանի ավագանիում է եղել երկրորդ քաղաքական ուժը, այս պահին ԲՀԿ-ն ունի մտավախություններ, որ հնարավոր է, որ դիրքերի էական թուլացում լինի, և որ ավելի սարսափելի է, դա ֆիքսվի ազատ ու արդար ընտրությունների արդյունքում։
 
Նույնպիսի հարցական կա ՀՅԴ-ի դեպքում, որը նույնպես մտահոգված է, թե ինչ միջոցներով կարող է ունենալ խմբակցություն։ Քաղաքական այն ուժերը, որոնք, ոչ ՔՊ-ի չափով, բայց համենայնդեպս մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխությանը, ասենք «Ժառանգությունը» իր ակտիվով, «Երկիր ծիրանին» իր զուգահեռ ակցիաներով, նրանց համար էլ խնդիր է, որ, այնուամենայնիվ, այս կապիտալից իրենց բաժին չի հասնում, որովհետև ընտրազանգվածը ՔՊ-ի կողմից այս գեղեցիկ կառավարման պայմաններում հիմնական շահառու է համարում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։ Պետք է նաև նկատի ունենանք, որ սա ներքին բալանսի փոփոխությունների առաջին դեպքն է, երբ ակնհայտորեն ընտրությունների արդյունքները ֆիքսելու են նոր բալանս քաղաքական նոր ուժերի միջև, թե ով կլինի առաջին, ով երկրորդը և այսպես շարունակ։
 
- Ինչպե՞ս եք գնահատում Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե մենք դեռ կմտածենք՝ կողմ լինել արտահերթ ԱԺ ընտրություններին, թե ոչ։ Բացի այդ, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունների պատգամավորները ևս դժգոհություններ են հայտնում։ Սրանով նրանք ավելի չե՞ն բարդացնում խաղը, ու խաղը բարդանում է իրե՞նց համար, թե ՔՊ-ի համար։
 
- Առաջին հերթին նրանք այդպիսի հայտարարություններով բարդացնում են իրենց վիճակը։ Արդեն ասացի, որ ՔՊ-ն քաղաքական տեսանկյունից հաջողել է խաղի կանոնների սահմանման հարցում։ ՔՊ-ն ընտրողին, քաղաքացուն, որը արժևորում է հեղափոխությունը, ասել է՝ ես ավարտին եմ հասցնելու հեղափոխությունը, կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են գողանալ ձեր հաղթանակը, և այդպես ընտրողին ավելի են մոտիվացրել մանդատը ՔՊ-ին հանձնելու իր որոշման ու վճռականության հարցում։ Սա ակնհայտորեն մտահոգում է մյուսներին, հատկապես ԲՀԿ-ին։ ԲՀԿ-ն չունի նախկին դաշտերը, որտեղ նա մրցունակ էր՝ ընտրողին բարեգործություններով, ընտրակաշառքով գրավելով։ Դա նաև քաղաքական դաշտում պահանջված ֆունկցիան կատարելն էր, խոսքը ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն մոտեցման մասին է, որտեղ ԲՀԿ-ն զսպիչ ու բուֆերի դեր էր կատարում։ Այո, այսօր այդ դաշտերն ու ֆունկցիաները չկան, որ նա այդ դերը կատարի։ Քանի որ ԲՀԿ-ն լոկոմոտիվ չի եղել, նաև պատահական չէ, որ շատերը ԲՀԿ-ին համարում են հեղափոխությանը 5 պակաս միացած քաղաքական ուժ, բնականաբար, իրենք հասկանում են, որ ազատ ընտրությունների արդյունքում կարող է ֆիքսվել մի պատկեր, որն անցանկալի է առաջիկա ճակատամարտի՝ խորհրդարանական ընտրությունների կտրվածքով։ Հիմա նրանք փորձում են ուղղակի հասկացնել ՔՊ-ին, որ եթե իրենց դիրքերի թուլացում լինի, ապա իրենք, հնարավոր է՝ մտածեն նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների համաձայնել-չհամաձայնելու շուրջ։ Բայց ես կարծում եմ, որ սա վերին աստիճանի մեծ վրիպում է ԲՀԿ-ի կողմից, որովհետև այս մթնոլորտում, երբ հեղափոխության առևանգման, հեղափոխության հետ շրջման ահազանգը ուժգնացված է, կա դրա համար օբյեկտիվ պատճառ, թե չկա, ես կարծում եմ, որ կա, բայց արդյոք այդ ռիսկերը այնքան մեծ են, քննարկման առարկա է, այնուամենայնիվ, բավականին վտանգավոր է ստանձնել տորպեդահարողի դերը։ Այսինքն հանդես գալ որպես մի քաղաքական ուժ, որն ասում է՝ չէ, ես թույլ չեմ տալու, որ հեղափոխությունն ավարտին հասցվի։ Այսպես է ընկալվելու մեսիջը։
 
Ավելին, շատ ավելի վատ լույսի ներքո է ներկայանալու նման ռազմավարություն որդեգրած քաղաքական ուժը, եթե հրապարակային դաշտում ասենք սովորական մարդը, քաղաքականությունից շատ չհասկացող ընտրողը տեսնում ու ասում է՝ էս հանրապետականը ոնց որ թե համաձայնեց իշխանությունը տալ, անգամ չմասնակցեց Երևանի ընտրություններին, օգնեց Նիկոլ Փաշինյանին կառավարությունը ձևավորել, բայց այս-այս ուժերը ասում են՝ մենք թույլ չենք տա իշխանության ճամպրուկը ամբողջությամբ հանձնել։ Ահա այս մեսիջն է նման ստրատեգիան հասցնում ընտրողին, որը բացարձակապես չի բխում տվյալ ուժի շահերից։ Սովորական ընտրողը չի խորանալու և չի ասելու, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Հեղափոխությանը պաշտպանող, հեղափոխությունը փրկող սովորական ընտրողի համար կարևոր է, որ կա Նիկոլ Փաշինյան, կա կառավարություն և ովքեր են խոչընդոտում նրա ծրագրերին։ Այս կտրվածքով, կարծում եմ՝ այդ ակնարկը, որ եթե դու կանգ չառնես, Նիկոլ Փաշինյան, ապա մենք  կվերանայենք մեր մոտեցումը, սա միգուցե բարդացնի Փաշինյանի ճանապարհը, բայց քանի որ մենք ի դեմս առաջիկա ընտրությունների կունենանք հեղափոխության անշրջելիությունը ապահովող հերթական լուրջ քայլը և ինստիտուցիոնալիզացիան, երբ ՔՊ-ն դե ֆակտո իշխանությունից բացի կունենա նաև դե յուրե իշխանություն, ընդ որում՝ Հանրապետության սրտում, և այս կտրվածքով կանգնել այդ ճանապարհին, բավական վտանգավոր քայլ է։ Դա նույնն է, որ ամբողջ հմայքով ու բոյով կանգնել հեղափոխության դեմ։
 
-Ստացվում է՝ շատ հստակ յուրաքանչյուր քաղաքական ուժի ՔՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը ցույց են տալիս իրենց տե՞ղը։ Ասում են՝ հեղափոխությունից 5 պակաս միացան հեղափոխությանն ու կարևոր չէ, որ աջակցեցին Նիկոլ Փաշինյանին։
 
-Ես կարծում եմ, որ իրականում, իհարկե, այնպես չէ, որ ՔՊ-ն իր համար ռիսկեր չի ստեղծում։ Եթե նույնիսկ նա այդպիսի մեծ վստահություն ունի, որ այս քարոզարշավի և ընտրությունների արդյունքում շահելու է Երևանի ավագանու տեղերի մեծամասնությունը։ Ես, իհարկե, քաղաքական տեսանկյունից հասկանում եմ, թե ինչու են նրանք դա անում, ինչու են փորձում ամրագրել ավելի մեծ փայաբաժին հեղափոխությունից, որը Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, վաստակել է որպես հեղափոխության քաղաքական առաջնորդ։ Բայց մյուս կողմից այնպես չէ, որ դա երկարաժամկետ ու միջինժամկետ կտրվածքով իրենց համար ռիսկեր չի ստեղծում։ Ես ճիշտն ասած, չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գիտի, որովհետև վերջին շրջանի հայտարարությունները իր գործընկերների հետ կապված, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ ինչ-որ մի բան կա, որի մասին կողմերն ամբողջությամբ չեն բացում փակագծեր, մանրամասներ, որովհետև, այլ պարագայում, եթե չլինեին նման լուրջ խնդիրներ, ես կնախընտրեի, որ նրանք տարբեր վարչական շրջանների հարթակներից միմյանց հետ չզրուցեին հեռակա, այլ խոսեին շատ ավելի կառուցողական դաշտում։ Ամենևին կարիք չկա դա դարձնել հանրության առջև որպես դիտարժան ինչ-որ մի գործողություն ու արարք։
 
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տեսանկյունից նայելիս, կարծեք թե նկատում ես, որ ինքն իրեն միայնակ և միգուց նաև դավաճանված է զգում, ինչու և ինչ հիմքերով՝ չեմ կարող ասել։ Մյուսների դիտանկյունից նայելիս տեսնում ես, որ նրանց համար հասկանալի չէ, թե ինչու պետք է բոլորը առանց որևէ ամբիցիայի ու մասնակցության միահամուռ շարունակեն սատարել հատկապես Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։ Բոլորի վարքագծերում կա փոփոխությունների ռացիոնալ բացատրություն, բայց ես դա չէի անվանի մեկը մյուսին տեղը նստացնել, որովհետև այդ նույն ձևով մենք կարող ենք ասել, որ նման հիշեցումները, թե հետո պատասխան կտաս, եթե շարունակես նույն ոգով, կփոշմանենք և այլևս քեզ չենք սատարի, կարող ենք մեկնաբանել նույն լեզվով, բայց ես դա չեմ անի։ Ոչ Նիկոլ  Փաշինյանի տեսանկյունից նայելիս, որ նա տեղն է նստեցնում մյուսներին, ոչ էլ մյուսների տեսանկյունից, որ իրենք էլ փորձում են Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին նստեցնել համապատասխան տեղը։ Այս առումով, թերևս, ամեն ինչ թեժանում է սուբյեկտիվ առումով, որովհետև նախ թվացյալ, կայուն ճգնաժամն արդեն իսկ թևակոխում է մեկ այլ փուլ, որտեղ ազդում է և հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի գործընթացը, թե իշխանության բուրգում ով ինչպիսի ներկայացվածություն կունենա, և ով ինչպիսի մեկնարկային դիրքեր կստեղծի հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար։ Բայց նաև ազդում է այն դիմադրությունը, որը կա ինչ-որ շրջանակների կողմից, որոնք, այնուամենայնիվ, չեն ցանկանում, որ մոտենա այդ ճգնաժամի ավարտը, որը հանգուցալուծվելու է կամ արտահայտվելու է խորհրդարանական ընտրություններով։ Որքան մենք շարժվենք դեպի այդ հանգրվանը, դեպի խորհրդարանական ընտրություններ, այնքան լարվածությունը ավելանալու է։ Այնպես չէ, որ Երևանի ավագանու հաջորդ օրը ամեն ինչը մնալու է անցյալում, որովհետև այդ ամենը միայն ու միայն կապ չունի տեղերի, քվոտաների և հեղափոխության կապիտալիզացիայի հետ։ Եվ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ճնշումն է ուժեղանալու, և նրանց ցուցաբերվող հակադրությունը։ Ահա թե ինչու մենք չենք կարող միամիտ հույսեր փայփայել, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո կունենանք մի փոքրիկ նեղացվածություն միմյանցից, բոլորը կհամակերպվեն իրենց ունեցածի հետ, այդ ամենը կմնա անցյալում և լարվածություն չենք ունենա։ Ոչ, մենք թևակոխում ենք մեր քաղաքական, ինչպես Լավրովը կասեր՝ եռացող կյանքի հերթական փուլը և, բնականաբար, նաև ներքին ցունամիները անընդհատ տուրբուլենտության ձևով իրենց զգացնել են տալու։
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 945 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար