Չպետք է մերժենք մարդկանց միայն այն պատճառով, որ երբևէ եղել են ինչ-որ կուսակցության անդամ կամ բարձր պաշտոններ են զբաղեցրել. Լենա Նազարյան

17-10-2018 15:50:32   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Tert.am-ի զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադառնում է արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ ներքաղաքական դաշտում կատարվող դինամիկ փոփոխություններին, իշխող քաղաքական ուժի նախընտրական ցուցակի առանձնահատկություններին, պատգամավոր դառնալու մոտիվացիային, այլ հարցերի ևս:
 


-Տիկին Նազարյան, շրջանառվում է, որ մի շարք ՀՀԿ-ականներ, նրանք, ովքեր միացել են ԱԺ արտահերթի պահանջին, ակտիվ բանակցում են տարբեր կուսակցությունների հետ՝ նրանց ցուցակներում ընդգրկվելու մասին:  Եթե «Հանրապետական» կուսակցությունից  մարդիկ դիմեն, կընդունե՞ք՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝  նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ներկայացնելու ժամանակ արված հայտարարությունը, որ նոր Հայաստանում քաղաքական ռասիզմ չի լինելու:
 
-Կարծում եմ, որ «Հայաստանի հանրապետական» կուսակցությունում և խմբակցությունում նախկինում եղել են անձինք, որոնք երբևէ հետաքրքրված չեն եղել՝ լինելու պատգամավոր. այդ աշխատանքն իրենց չի հետաքրքրել, և երբևէ նպատակ չի եղել խորանալ նախագծերում, աշխատել միջազգային կազմակերպություններում, միջազգային բանաձևերն ուսումնասիրել, քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:
 
 
 
Մի խոսքով՝ նրանով, ինչը պատգամավորի ուղիղ պարտականությունն է: Եվ նրանք գտնվել են ԱԺ-ում, որովհետև ձգտել են քաղաքական իշխող ուժի կողմից երաշխիքներ ունենալ, որ իրենց տնտեսական գործունեությունը որևէ կերպ չի խոչընդոտվի, կամ ընտրությունների ժամանակ իրենք կապահովեն ձայների որոշակի քանակ, և այդ գործարքը՝ քաղաքական ուժի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց միջև, կայացվել է հենց ԱԺ-ում: Այսինքն՝ դա ընդամենը գործարք է եղել: 
 
Հիմա նման անհրաժեշտություն չկա, որովհետև նոր իշխանությունները հստակ հայտարարել են, որ, նախ, քաղաքական հետապնդում չի լինի, այսինքն, մարդիկ, ովքեր եղել են իշխող ուժի հենասյուները և եթե անգամ տնտեսական գործունեությամբ են զբաղվել և հարկեր չեն վճարել, հնարավորություն ունեն վերահաշվարկ անել և պետությանը վերադարձնել իրենց պարտքը: Եվ կարող են ուղղակի շարունակել իրենց տնտեսական գործունեությունը՝ առանց իրենց կապելով որևէ քաղաքական ուժի: Եվ չարաչար կսխալվեն նրանք, եթե մտածեն, որ մեզ հետ լինելով՝ իրենք պաշտպանված կլինեն: Իրենք պաշտպանված կլինեն միայն, եթե օրենքի սահմաններում գործեն, իրենց տնտեսական գործունեությունը լինի օրենքի սահմաններում: Այնպես որ, եթե այս երաշխիքները կան, իսկ այդ ուղերձները կան, մենք տեսել ենք, որ որևէ ունեցվածք, գործարան ոչ մեկից չի խլվել, նմանների մոտ պետք է բացակայի ԱԺ պատգամավոր դառնալու մոտիվացիան:
 
-ԱԺ արտահերթ ընտրություններին ձեր նախարարներն «Իմ քայլը» խորհրդարանական ցուցակում ընդգրկված լինելո՞ւ են:
 
-Կարծում եմ՝ կլինեն, որպեսզի ունենանք լիարժեք ներկայացուցչական քաղաքական թիմ:
 
-Այսինքն՝ իրենք վերադառնալո՞ւ են գործադիր:
 
-Կարծում եմ՝ այո: Ասեմ, որ մենք նաև փոփոխություններ ենք նախատեսելու և  մեր ծրագրում,  երևի թե, ավելի մանրամասն կգրենք: Նկատի ունեմ, որ որոշ նախարարություններ օպտիմալացվելու են, մի քանիսը կամ մեկ-երկուսը ներառվելու են մեկ այլ նախարարության մեջ:
 
-Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, հայտարարեց, որ այս նշանակումն օրինակ է նրա, որ հետհեղափոխական Հայաստանում չի կարող լինել քաղաքական ռասիզմ: Այս  ասածի լույսի ներքո կարելի՞ է հասկանալ, որ  ՔՊ ցուցակ չեն հրավիրվի միայն այն մարդիկ, ովքեր Ձեր հետ «քայլել են», պառկել ավտոբուսների տակ:
 
-Շատ ուրախ եմ, որ մենք որդեգրել ենք ներառական քաղաքականություն, որովհետև այս հեղափոխությունը տեղի չունեցավ 1 ուժի կամ մի խումբ մարդկանց երազանքները իրականացնելու համար: Բնականաբար, շատերն ունեն երազանքներ, գաղափարներ, մտքեր, կարողություն, ուժ, եռանդ, գիտելիք, փորձ՝ ներդնելու Հայաստանի զարգացման, արդիականացման և անվտանգության գործում: Եվ, բնականաբար պետք է հնարավորություն տանք բոլոր այդ մարդկանց իրենց ներուժը ներդնելու այդ գործում. այս երկիրը բոլորինն է, բոլոր հայաստանցիներինն ու հայերինը, և, եթե իսկապես կիսում են այն արժեքները, որոնք Հեղափոխությունն է բերել, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու պետության կառուցման գործին: Եվ մենք չպետք է մերժենք ու սահմանափակենք մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք երբևէ եղել են ինչ-որ կուսակցության, ցանկացած, անգամ՝ բարձր պաշտոններ են զբաղեցրել: Եթե նրանք ունեն կարողություն, եթե համոզված ենք, որ նրանք չեն վերարտադրի նախկինում եղած պրակտիկաները, ապա, անձամբ օրինակ, բոլորովին դեմ չեմ այդ մարդկանց հնարավորություն տալուն:
 
-Սակայն ցուցակ կհրավիրե ՞ք:
 
-Կհրավիրենք, ուզում եմ հիշեցնել, որ  մենք հրավիրեցինք ՀՀԿ խմբակցության անդամի՝ Ֆելիքս Ցոլակյանին, ով հիմա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է: Կան մարդիկ, ովքեր հարել են շարժմանը, կան մարդիկ, ովքեր անտարբեր են եղել, կան մարդիկ, որ դիմադրել են՝ ինչ-որ ինքնապաշտպանական մղումներով, որովհետև ոչ ոք չգիտի՝ հեղափոխություն է լինում, նոր իշխանությունն ինչպե՞ ս կվարվի, կլինե՞ ն քաղաքական  հետապնդումներ, թե ոչ:  Եվ մի քանի անգամ կարիք եղավ, որ մենք հայտարարեինք, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու: Եվ, իսկապես քաղաքական ռասիզմ չի կարող և չպետք է լինի:
 
-Քարոզարշավին ՔՊ-ի ծրագի՞րն եք քարոզելու:
 
-Գրվելու է նոր ծրագիր, արդեն ոնց որ թե մեկնարկը տրված է, կան պատասխանատուներ:
 
-Բայց դրույթները նույնն են չէ՞  ՔՊ-ի հին ծրագրի հետ:
 
-Դա լինելու է այն, ինչի մասին մենք այս ընթացքում խոսել ենք:
 
-Ինչպե՞ս եք գնահատում մյուս քաղաքական ուժերի հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ շատերը կանխատեսում են, որ այս ընտրություններին ևս ՔՊ-ն 80 և ավելի տոկոս ձայներ է ստանալու: Իրենք, ի վերջո,  մեղավոր չեն, որ երկրում հեղափոխություն է եղել ու այս հետհեղափոխական պայմաններում իրենց ծրագրերը  ոչ մեկին չի հետաքրքրում:
 
-Ո՞նց մեղավոր չեն, մեղավոր են /ծիծաղում է. -հեղ./: Հիմա, ըստ էության, նախ, եթե տեխնիկական-կազմակերպչական տեսանկյունից նայենք, ապա թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Հանրապետականը» մարզերում ունեն գրասենյակներ, ավելին՝ ունեն սեփականություն: ՔՊ-ն ոչ մի սեփական գրասենյակ չունի, այս ամենը մեր սեփականությունը չէ. երբեմն վարձակալում ենք, երբեմն մարդիկ նվիրատվություն են տալիս ժամանակավոր օգտագործելու համար: Իսկ մյուս կուսակցություններն ունեն: Ես չեմ խոսում այն մասին, թե ինչպես է այդ ունեցվածը կուտակվել, ինչ ճանապարհով, բայց ուզում եմ ասել, որ իրենց համար շատ հեշտ է կազմակերպվելը: Այլ բան, որ իրենք չունեն հանրային աջակցություն: Չունեն, բայց դրա մեղավորը մենք չենք: Մենք մեղավոր չենք, որ իրենք բերում են մի նախագիծ և քվեարկում են հակահեղափոխական օրակարգի համար:
 
-Լավ, ի՞նչ են անեն մյուս կուսակցությունները, որոնք նոր են հայտնվել քաղաքական դաշտում  կամ պայմանական՝  հին ընդդիմություն են:
 
-Համարենք իրենց փոքր կուսակցություններ՝ էլի շատ մեծ կարողություններ չունեցող, նաև հանրային աջակցության տեսակետից: Բայց ուզում եմ հիշեցնել, որ  փոփոխությունները, որոնք արվել են Ընտրական օրենսգրքում, հենց ի նպաստ այս փոքրիկ կուսակցությունների են: Տեսեք՝ մենք նվազեցրել ենք ընտրագրավի վերադարձման շեմը, ԱԺ-ում ներկայացված լինելու անցողիկ շեմը, բազում նման փոփոխություններ, որոնք արվել են՝ ի նպաստ քաղաքական ուժերի:
Անուշ Դաշտենց
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 820 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար