Դպրոցների կառավարման նոր համակարգը` նախարարին կից հասարակական խորհրդի օրակարգում.ԿԳՆ

15-11-2018 17:52:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգ. կառավարման խորհուրդների ձևավորման, գործառույթների սահմանման և տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումների ներկայացում: Փոխնախարարը նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում այսօր առկա են խնդիրներ, որոնք վերանայելու և լուծելու համար կարող են դիտարկվել մի քանի մոտեցումներ: «Եթե համապարփակ մոտեցում որդեգրելու լինենք, ապա նշանակում է, որ կառավարման համակարգի ամբողջական հիերարխիան պետք է նայենք՝ ՀՀ կառավարության, ԿԳ նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների խորհուրդների և տնօրենների գործառույթներ: Սական այսօր դիտարկելու ենք այդ համապարփակ համակարգի միայն մեկ հատվածը՝ դպրոցների մակարդակը: Կարծում եմ, որ այն աշխատանքը, որ հանրակրթության վարչությունն իրականացրել է և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, բավականին մեծ առաջընթաց է»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:
 


Հիմնական զեկուցող ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտը համակարգող փոխնախարար Լուսինե Առաքելյանի գլխավորությամբ և Երիտասարդ փորձագետների ծրագրի (YES Armenia) համագործակցության արդյունքում առանձնացվել և ուսումնասիրվել են հանրակրթական հաստատությունների կառավարման համակարգի բարելավման առաջնահերթ ուղղությունները՝ կառավարման խորհուրդներ և տնօրենների ընտրություն ու նշանակում: «Մինչ հասարակական խորհրդին ներկայացնելը՝ նախագիծը քննարկվել է խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ներգրավվել աշխատանքային խմբում: Հիմնականում քննարկվել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ներկայացրած առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է, իսկ որոշները դեռևս գտնվում են քննարկման փուլում»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ մշակվել են հայեցակարգային մոտեցումները,  միջոցառումների ծրագիրը և ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների նախագծերը: Անդրադառնալով դպրոցների կառավարման խորհրդի ձևավորման կարգի վերանայման անհրաժեշտությանը՝ նա ներկայացրել է առկա խնդիրները, այն է՝ բավարար չէ համայնքի և ծնողների ներգրավվածությունը, ամրագրված չեն անդամների իրավունքները և պարտականությունները, մանկավարժական և ծնողական խորհուրդներում  չընդգրկված մանկավարժներին և ծնողներին տրված չէ խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն: «Կան դպրոցներ, որոնք ունեն մեծաթիվ մանկավարժական կազմ: Եվ երբ այդ դպրոցներում մանկավարժական խորհուրդը ձևավորվում է 40 ուսուցիչներից, ապա մյուս մանկավարժները դուրս  են մնում բոլոր գործընթացներից, այդ թվում՝ տնօրենի ընտրության: Այդ պատճառով ուսհաստատության կանոնադրության մեջ արդեն  ամրագրել ենք, որ հատկապես տնօրենի ընտրության հարցում ներգրավվեն դպրոցի բոլոր մանկավարժները»,-նշել է Սյուզաննա Մակյանը: Անդրադառնալով խորհուրդների կազմում նախատեսվելիք փոփոխությանը՝  նա նշել է, որ  առաջարկվում է 1 անդամով նվազեցնել լիազոր մարմնին հատկացվող տեղը՝ նախկինի 3-ի փոխարեն այն դարձնելով 2, իսկ 1-ով ավելացնել ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող անդամների թիվը՝ 2-ի փոխարեն սահմանելով 3: «Սրա արդյունքում  տեղի կունենա ծնողների և մանկավարժների մասնակցության մեծացում, լիազոր մարմինների ազդեցության նվազում և կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացում»,-նշել է հիմնական զեկուցողը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով նաև խորհրդի անդամի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, օրինակ՝ ծնողական և մանկավարժական համայնքի բոլոր ներկայացուցիչներին տալ հնարավորություն ինքնաառաջադրվելու որպես  կառավարման խորհրդի անդամի թեկնածու: Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  գործող կարգին՝ Սյուզաննա Մակյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, այն է՝ տնօրենի ընտրության ներկայիս  կարգում վերջնական ընտրության իրավասություն է վերապահված լիազոր մարմնին /փոխվարչապետին, ինչը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին,  բավարար չէ մանկավարժների և ծնողների ներգրավվածությունը տնօրենի ընտրության գործընթացին, ամրագրված չեն նախարարության ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները, ապահովված չէ բողոքարկման դեպքում ձևավորվող հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է` նպաստել հանրակրթական հաստատությունների կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացմանը, ապահովել խորհուրդների անկողմնակալությունը, կառավարման խորհրդի անդամներին տալով լրացուցիչ լիազորություններ և պարտականություններ` ապահովել կառավարման և խորհրդակցական մարմինների ներգրավվածությունն ուսումնական հաստատության ամենօրյա խնդիրների լուծմանը, ապահովել կառավարման խորհրդի որոշումների կայացման թափանցիկությունը և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը տնօրենների ընտրության գործընթացին:
 
Զեկուցումից հետո խորհրդի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերել են խորհուրդների կազմում աշակերտների ներգրավվածության, խորհրդի նպատակների հստակեցման, դրա անդամների գործառույթների և լիազորությունների, կրթական նվազագույն պահանջների սահմանման, քաղաքացիական հասարակության մասնակցության, օրենքների, կարգերի և կանոնադրության համապատասխանեցման, խորհուրդների խոշորացման  և այլ հարցերի:
 
Արձագանքելով խորհրդի անդամների բարձրացրած որոշ առաջարկներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ ներկայումս խորհրդի անդամները ծանոթ չեն կամ մասամբ են ծանոթ իրենց լիազորություններին, որը, ըստ փոխնախարարի, որոշակի խնդիրներ է առաջացնում: «Խորհրդի անդամի՝ կրթական ցենզ սահմանելու հարցը քննարկվել է, և մենք գտնում ենք, որ այս հարցում պետք է հաշվի առնվեն հնարավոր բոլոր ռիսկերը»,-նշել է Լուսինե Առաքելյանը:
 
ԿԳ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել խորհրդի անդամներին՝ հնչեցված բոլոր առաջարկների և դիտողությունների համար՝ վստահեցնելով, որ դրանք անպայման հաշվի կառնվեն և կքննարկվեն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 576 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար