Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան

16-11-2018 18:34:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ կադրային ներուժ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը զբաղեցնելու համար: 
 


«Միևնույն ժամանակ, խնդրի հիմքում ընկած են հետևյալ հարցերը. Առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում կոնկրետ որոշումներ հարցերի լուծման համար այն դեպքերում, երբ կազմակերպության գլխավոր քարտուղարը ի վիճակի չէ շարունակել պաշտոնավարումը: Երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ մեզ համար կազմակերպության հեղինակությունը, արդյունավետությունը, կենսունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպություն ունենալու հեռանկարով և մեր ներդրումն ենք ունենում այդ գործում»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա:
 
Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց է սկսել, քանի որ նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Մենք դա արել ենք նրա համար, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին խնդիրներից»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:
 
Նա շեշտել է, որ հայկական կողմի մոտեցումը միտված է կազմակերպության  ընդհանուր գործունակության ապահովմանը, լայն իմաստով բոլոր 6 անդամների միջև կոնսոլիդացիայի ամրապնդմանը:
 
Անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և ընդունվե՞լ է Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում, Զոհրաբ Մնացականյանը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ կազմակերպությունում 6 իրավահավասար անդամ կա, իսկ որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 669 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար