ՀՀԿ վերջնական փլուզումը․ Սերժ Սարգսյանը մնում է մենակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մամուլի տեսություն (Տեսանյութ)



13-02-2019 12:20:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
 


Սերժ Սարգսյանը «վկաներ» չունի. ՀՀԿ-ից մնաց միայն ցուցանակն ու գեղեցիկ շենքը
 
«Փաստ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է ՀՀԿ–ին անդամակցությունը ժամանակավոր կասեցնելու մասին, քանի որ մտադիր է զբաղվել մասնագիտական և հասարակական գործունեությամբ: Կուսակցությանը անդամակցությունը չի դադարեցրել, բայց այլ գործունեության է անցել նաև Արմեն Աշոտյանը: Դավիթ Հարությունյանն էլ իրավաբանական խորհրդատվական ընկերություն է հիմնել: Վերջին շրջանում շատ են տեղեկություններն այն մասին, թե ինչով են զբաղվելու հանրապետականները: Նրանցից ոմանք դադարում են պաշտոնապես անդամակցել կուսակցությանը, ոմանք չեն դադարում, բայց անցնում են այլ գործունեության:
 
Մեծ հաշվով, անդամակցել–չանդամակցելու հարցը էական չէ: Էական է այն, որ ՀՀԿ–ն փաստացի այլևս չի գործում: Խորհրդարանական ընտրություններում ձախողումը փաստացի դառնում է ՀՀԿ–ի՝ որպես կուսակցության և կազմակերպված ուժի վերջին ճակատամարտը: Սա, իհարկե, չի նշանակում, թե չեն գործում հանրապետականները՝ նախկին ու ներկա: Հատկանշական է, սակայն, թե ինչպես են նրանք գործում: Իսկ գործում են անհատապես, մասնագիտական, հասարակական մեկնակետերից, բնականաբար դիրքավորվելով որպես ընդդիմադիր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմախոս:
 
ՀՀԿ–ից փաստացի բան չմնաց: Մնաց ցուցանակն ու գեղեցիկ շենքը Մելիք– Ադամյան փողոցի վրա: Իշխանություն չկա, չկա նաև ՀՀԿ: Տասնամյակից ավելի իշխանություն եղած կուսակցությունը իշխանափոխությունից հետո տրոհվեց, բաժանվեց մասերի: Իհարկե, տրոհվող մասնիկներն առանձին–առանձին բավական ակտիվ ու մեծամասամբ շարունակում են դիրքավորվել ներկայիս իշխանության դեմ: Բայց միայն այս
դիրքավորումն է, որ նրանց մոտ ընդհանուր է: Նախկինում ևս նրանք ունեին բազմաթիվ հակասություններ ու տարբերություններ, պարզապես Սերժ Սարգսյանի կառավարման շուրջ կոնսոլիդացիան նրանց պահում էր իրար կողք:
 
Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չկա, հետևաբար չկա միասին լինելու առանցք: Մեծ հաշվով, այդպես էլ պետք է լիներ՝ բացառապես իշխանության շուրջ կոնսոլիդացված քաղաքական ուժը իշխանության բացակայության դեպքում փլվում է: Այդպես լինելու է ցանկացած քաղաքական ուժի հետ:
 
Իմիջիայլոց. ՀՀԿ–ին ՀՀՇ–ի հետ համեմատելը սխալ է: ՀՀՇ–ի իշխանազրկումից հետո պատկառելի քանակի կուսակցականներ մնացին հավատարիմ ՀՀՇ–ին ու նրա առաջնորդին: Շատերը շարունակում են այդպիսին լինել մինչ օրս: Նրանց հաճախ ընդունված է ասել Լևոնի «վկաներ»: Սերժ Սարգսյանը «վկաներ» չունի»:
 
ՀՀԿ-ում ճգնաժամ է՝ խնդիր է դարձել ԳՄ իրավազոր նիստ անցկացնելը
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից ևս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն. 2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ հիմա այնտեղ մնացել է 17 հոգի: ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
 
Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի: Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլևս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից անհետացել է նաև Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է»:
 
Գողություն կատարողների հանցախումբ է գործում. Իրավապահներն անցել են գործի
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ
համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:
 
Նրանց հետագա գործողությունները կանխելու և բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների և սպասարկման կենտրոնների նկատմամբ:
 
Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երևանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:
 
Պաշտոնանկության հերթը հասավ Դավիթ Անանյանին. Ով կնշանակվի ՊԵԿ նոր ղեկավար
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունից հետո հերթը, կարծես թե, ՊԵԿ նախագահինն է:
 
Մեր տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը մտադիր է նոր ՊԵԿ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից ինչ-որ մեկին, ով կաշկանդված կլինի տարբեր ազդեցություններով ու պարտավորություններով, այլ նախկինում ՊՆ համակարգից: Թե ով է լինելու ՊԵԿ նոր ղեկավարը՝ հայտնի կլինի առաջիկա օրերին»:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1540 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար