Պուտինը սկսում է. Հայաստանը պետք է պատրաստվի

15-02-2019 19:05:56   | Հայաստան  |  Վերլուծություն
ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել է Պետդումային նոր հոդված ավելացնել ՌԴ քրեական օրենսգրքում, որը առնչվելու է այսպես կոչված «օրենքով գողերին»: Պուտինն առաջարկում է միայն այդ կարգավիճակի համար դրա կրողներին դատապարտել 8-15 տարվա ազատազրկման:
 


Դիտորդները նկատել են, որ այդ նախաձեռնությունը գրեթե նույնությամբ կրկնում է Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլու իրականացրած գործողությանը: Վրաստանի նախագահն էլ միայն քրեական հիերարխիայում դիրքի համար սահմանեց ազատազրկում, ինչով Վրաստանը գործնականում մաքրել էր «օրենքով գողերից» եւ քրեական բարքերից:
 
Պուտինը փաստորեն կրկնում է մի մարդու նախաձեռնություն, ում հանդեպ անձնական հակակրանքը չի թաքցրել երբեք: Սահակաշվիլու այդ քայլն առանցքային էր վարդերի հեղափոխության այսպես ասած կապիտալիզացիայի գործում, Վրաստանի ռեֆորմացիայի նրա հեղափոխական քայլերում:
 
Փաստացի ստացվում է, որ Պուտինը քրեական օրենսգրքի փոփոխության միջոցով առաջարկում է հեղափոխություն: Սա իհարկե կարող է միայն առաջին հայացքից թվալ անսովոր կամ զարմանալի, քանի որ Ռուսաստանում հեղափոխական վիճակը հասունացած է վաղուց, ընդ որում թե ներսի, թե արտաքին գործոնների բերումով: ՌԴ նախագահն ըստ երեւույթին փորձում է զբաղվել հեղափոխությամբ, քանի դեռ հեղափոխությունը չի զբաղվել իրենով:
 
Քրեական հեղինակությունների ուղղությամբ նախապատրաստվող հարվածը հիմնարար ուղղություն է: Այդ ինստիտուտն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել խորհրդային իշխանության շրջանում, լինելով հանրության հետ հարաբերվելու համակարգի որոշակի գործիք եւ ինչ որ իմաստով նույնիսկ «քաղաքական այլընտրանք», երբ հանրությունները
իշխանության տիրույթում չեղած արդարադատությունն ու արդարությունը փնտրել են քրեական հեղինակությունների տիրույթում: Միաժամանակ դրանց միջոցով կարգավորվել են նաեւ որոշակի հարցեր, որոնցով պետությունը չէր կարող զբաղվել հրապարակայնորեն:
 
ԽՍՀՄ փլուզումից հետո տրանսֆորմացվեց նաեւ «օրենքով գողերի» ինստիտուտը, իր վրա կրելով փլուզման հետեւանքը, միաժամանակ նաեւ հետխորհրդային տարածությունում քաղաքական տրանսֆորմացիայի ազդեցությունը:
 
Հետխորհրդային տարածքում ամբողջատիրական կառավարման բարքերի վերականգնումից հետո այդ ինստիտուտը որոշակի ձեւափոխություններով, այդուհանդերձ վերականգնեց իր դերը կառավարման այդ համակարգերում, յուրաքանչյուր գոտում ըստ առանձնահատկության, վերածվելով իշխանության հիմնասյուներից մեկի:
 
Հատկանշական է, որ հենց այդ նկատառումով հետխորհրդային տարածքում առաջին ժողովրդավարական հեղափոխության առաջնորդ Սահակաշվիլին ռեֆորմացիան սկսեց «օրենքով գողերի» ինստիտուտի չեզոքացումից, դրա դեմ կոշտ պայքարից:
 
Ինչու՞ է դրան ձեռնամուխ լինում ներկայում ՌԴ նախագահ Պուտինը: Նա փորձում է առավե՞լ կոշտացնել վերահսկողությունն այդ համակարգի նկատմամբ՝ մտավախություն ունենալով, որ այն կդառնա իր դեմ նախաձեռնությունների հենասյուն, թե՞ Պուտինը անցնում է ՌԴ ներքին վերբեռնման քայլերի, իրավիճակը փրկելու համար, լավ հասկանալով, որ ներկայիս Ռուսաստանն ունի փաստացի մի քանի տարվա կյանք, եւ աղետը հնարավոր է շրջանցել միայն ներքին վերադասավորումներով, այդ թվում քրեական ինստիտուտներին առնչվող:
 
Խնդիրը անշուշտ ՌԴ ժողովրդավարացումը չէ, հեղափոխությունն այս դեպքում չպետք է ասոցացնել ժողովրդավարացման հետ: Խնդիրը ներքին վերբեռնումն է, որը Ռուսաստանին թույլ կտա առնվազն ժամանակ շահել՝ ներքին ու արտաքին տոտալ կորուստների պայմաններում:
 
Այս իրավիճակն աչալուրջ դիտարկման կարիք ունի Հայաստանում, քանի որ Կրեմլի «հեղափոխության» վարկածները կամ սցենարները դեռեւս ռազմավարական եւ մարտավարական մշուշի մեջ են, եւ նկատվում են միայն շարժեր, առանց որոշակի ուղղության եւ հստակության: Ընդ որում, այդ շարժերը տեսանելի հստակություն չունեն նաեւ հենց ՌԴ ներսից:
 
Հայաստանն ունի աչալրջության անհրաժեշտություն մի քանի առումով՝ ՌԴ տրանսֆորմացիաների ազդեցության բացասական դրսեւորումներից պաշտպանվելու, նոր ՌԴ հետ աշխատանքի, եւ ՌԴ ներքին տրանսֆորմացիոն հնարավոր զարգացումներում նաեւ սեփական դերին պատրաստ լինելու համար:
 
Շատերը, կամ գործնականում բոլորը փորձելու են ՌԴ ներքին վերափոխումներում «փրկվել» Հայաստանի
հաշվին, ինչպես գործնականում եղել է միշտ: Ըստ այդմ, խորքային առումով Հայաստանը պետք է որոշի, թե ինչ Ռուսաստան է փրկելու: Այդ հանգամանքը սակայն հարց է առաջացնում, թե պատրա՞ստ է Հայաստանն այդ դերին: Պատրաստ է, թե ոչ, դերն իհարկե խաղացվելու է՝ կամ մենք կխաղանք, կամ այլք կխաղան մեզանով:
 
Բարդությունն այն է, որ Հայաստանում հանրային լայն մակարդակում կա այդ դերի խորքային պատկերացման խնդիր, քանի որ այդ առումով գործնականում բեվեռացում է. մի մասի պատկերացումներում փրկվելու խնդիր ունի միայն Հայաստանը, եւ Ռուսաստանն է փրկիչը, պատկերացումների մյուս մասով՝ Հայաստանը պետք է փրկվի Ռուսաստանից: Երկու դեպքում էլ Հայաստանը «փրկվող» է, ինչը խանգարում է գործելուն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 809 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար