Ասկերան քաղաքում կկառուցվի բազմաբնակարան թաղամաս․ պետնախարարի աշխատանքային այցը շրջկենտրոն

16-02-2019 11:56:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 15-ին աշխատանքային այց է կատարել Ասկերան քաղաք։
 

Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանցքային ցուցանիշները և տակավին լուծման սպասող խնդիրները։ Այսպես՝ հաշվետու 2018 թ․-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Ս․ Աղաջանյանը նշել է,
որ նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու։
 
Համայնքի առջև ծառացած խնդիրների շարքում առանձնացվել են «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲ ընկերության հիվանդանոցային շենքի վերանորոգման, մշակույթի տան շենքի կապիտալ վերանորոգման կամ նորի
կառուցման, աղբահանության, կոյուղու և որոշ փողոցների լուսավորության հարցերը։
 
Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին հաշվետվությունը ներկայացնելու համար՝ Գ․ Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի շրջանային ճանապարհների բարեկարգման, շինանյութի տրամադրման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման աշխատանքների մասով վարչակազմի ենթակայության ներքո գործող «Խաչենշին» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներն ավելացվել են՝ սահմանված աշխատանքների ավելի մեծ ծավալ կենսագործելու նպատակով։
 
Անդրադառնալով հիշատակված այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ ըստ առաջնահերթության բոլորը հայտնվելու են միջնաժամկետ և հեռաժամկետ իրականացվելիք անելիքների ցանկում։ Ելույթից հետո պետնախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
 
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանն այցելել է Ասկերանի ֆուտբոլային մարզադաշտ, ծանոթացել ընթացող շինաշխատանքներին՝ նոր նստատեղերի, հանդերձարանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը (ծանոթություն․ Ասկերանի մարզադաշտը նույնպես հյուրընկալելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA)՝ հունիսի 1-9-ը Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը)։
 
Մարզադաշտից հետո պետնախարարն այցելել է Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից և նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։
 
Գ․ Մարտիրոսյանը կարևորել է, որ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում բնակֆոնդի ընդլայնման քաղաքականությունն ընթանա համաչափորեն և հանրային արդարության սկզբունքի հիման վրա։
 
Ասկերան կատարած այցի վերջում պետական նախարարն այցելել է նոր կառուցվող հրշեջ կայան, ծանոթացել վերջնական կահավորման շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
 
Աշխատանքային այցին մասնակցել են նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 588 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար