Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում

20-02-2019 18:56:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչություններին ղեկավարները:
 


Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել զարգացմանն աջակցող գործընկերների համակարգման այս հարթակը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչ այս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել քննարկման մասնակիցների հետ, մտքեր փոխանակել համագործակցությանն ուղղված միջնաժամկետ ծրագրերի շուրջ: Ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ Մհեր Գրիգորյանը կենսական պահանջ է համարել դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը: Նա
այս ձևաչափը դիտարկել է որպես գործուն մեխանիզմ՝ ապահովելու համար անկաշկանդ երկխոսություն և առարկայական համագործակցություն: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս հարթակը չպետք է վերածվի ժամանակ առ ժամանակ կազմակերպվող ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով, ծրագրերով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ, որը թույլ կտա լսել զարգացմանն աջակցող գործընկերների մոտեցումները, նրանց փորձը և մշակել համատեղ նախագծեր:
 
ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին տրամադրված ժամանակահատվածի համար և ողջունել նման քննարկումները, մասնավորապես՝ Կառավարության ծրագրի հաստատումից հետո:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ծրագրի մեջ արտացոլված գերակայություններն ու առանձնացրել այն հիմնական ոլորտները, որտեղ առկա խնդիրների լուծումը կապահովի երկրի հետագա զարգացումը: Փոխվարչապետը, մասնավորապես, առանձնացրել է չորս ուղղություններ՝ մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական
գործունեության հնարավորությունների ընդլայնում, հուսալի ենթակառուցվածքների զարգացում և պետական կառավարման արդյունավետության բարձրացում: 
 
Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է նշված ուղղությունների զարգացման տեսլականը, այնուհետև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համատեղ ծրագրերի իրականացման գործընթացին, առաջիկայում սպասվող Կառավարության կառուցվածքային փոփոխություններին և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ընթացքին: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 437 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար