Մադրիդյան սկզբունքների պարտադրումը պատերազմ է սանձազերծելու. Սպաների համահայկական միության հայտարարությունը

21-03-2019 14:10:54   | Հայաստան  |  Քաղաքական
Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հայտարարության
 


Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորումը Միությունը համարում է անընդունելի, քանի որ դրանք ի սկզբանե  հակահայկական են, հեռու են  կոնֆլիկտի տրամաբանությունից , բուն էությունից ու չեն կարող հարատև խաղաղություն հաստատել: ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների ընդունման համառ և շարունակական պնդումները հիմք են տալիս Սպաների համահայկական միությանը եզրակացնելու, որ այդ կառույցը որդեգրել է թուրք-ադրբեջանական տարածապաշտական, հայահալած, ցեղասպան քաղաքականությանը աջակցելու ուղին։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող սահմանագիծը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի, հայ ազգաբնակչությանը
հերթական անգամ ցեղասպանության ենթարկելու գործողություններին հայկական ուժերի հակադարձման արդյունք է և ամրագրված է 1994 թ. մայիսին ստորագրված Զինադադարի մասին համաձայնագրով:
 
Արտաքին դերակատարների անմիջական միջամտությունը և ենթադրվող նման նախաձեռնությունները պետք է ճանաչվեն անիրականանալի և լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնող: Առկա ստատուս-քվոյի երկարատև կենսունակությունը որոշակիորեն ճանաչված է Մինսկի խմբի կողմից, և նա ջանքեր պետք է գործադրի միջազգային իրավունքի շրջանակներում այն ձևակերպելու համար,  վերականգնի բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը և ապահովի Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմերից մեկի մասնակցությունը բանակցություններում: Ստեղծված իրականության մեջ Արցախը պետք է նաև ներկայացնի Ադրբեջանի հայ համայնքի շահերը՝ որ ստիպված է եղել լքել երկրի տարածքը ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների պատճառով և մասամբ բնակվում է Արցախի Հանրապետությունում: Հակամարտության լուծումը պահանջում է միջազգային իրավունքի շրջանակներում Ճանաչել Արցախի կարգավիճակը առկա սահմաններում և  Արցախի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի սահմանը։ Ընդունելով կարգավորման
այս սցենարը, Սպաների համահայկական միությունը
 
Հայտարարում է
 
Հայ ժողովուրդն  այսօր առավել քան երբեվէ համախմբված է, քաջ գիտակցում է առկա սպառնալիքները, մարտահրավերները և պատրաստ է դիմակայելու դրանք: Մադրիդյան սկզբունքների պարտադրումը անխուսափելիորեն նոր, ավելի արյունահեղ և ողջ տարածաշրջանը ապակայունացնող պատերազմ է սանձազերծելու, ինչի պատասխանատվությունն ամբողջապես կրելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար