Անտառների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում քննարկվել են ոլորտի խնդիրների լուծման ծրագրերը

21-03-2019 16:24:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Անտառները  և  կրթությունը»  խորագրով աշխատաժողով։ Մասնագիտական քննարկումն անց է կացվել ՄԱԿ-ի կողմից հռչակված և ամեն տարի մարտի 21-ին նշվող Անտառների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում:
 

 Անտառների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է
՝ «Անտառների դերի և նշանակության իրազեկումն ու կրթությունը»: 
 Աշխատաժողովին մասնակցել են Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի մասնագետներ, պետական և բուհական հաստատությունների ներկայացուցիչներ։ 
 
  Շնորհավորելով Անտառների միջազգային օրվա կապակցությամբ՝  նախարար Էրիկ Գրիգորյանը նկատել է, որ օրվա խորհուրդը կարևոր է մեր երկրի համար։ Նախարարը հայտնել  է, որ երկար տարիներ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անտառը ենթարկվել է էական ճնշումների, ինչի հետևանքով անտառային զգալի տարածքներ ենթարկվել են դեգրադացիայի։ «Եկել է ժամանակը, որպեսզի անտառին վերադարձնենք այն
, ինչ նա այս տարիներին տվել է մեզ։ Բնապահպանության նախարարությունը սկսել է անտառային ոլորտի բարեփոխումների նոր հայեցակարգի լայնածավալ քննարկումներ, որոնց կներգրավվեն ակադեմիական շրջանակների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնագետներ։ Անտառի պահպանման և վերականգնման գործընթացին պետք է ներգրավվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սփյուռքի ներուժը»,-իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը։  
 
   Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես անտառների պահպանությունը և նշել, որ իր երկիրը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած միջոցառումներին։
 
   Դմիտրի Մարիասինը ներկայացրել է անտառների պահպանության ոլորտում ՄԱԶԾ-ի և Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող համատեղ ծրագրերը։ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը նկատել է, որ Հայաստանի կառավարությունը տվել է հավակնոտ ծրագրի մեկնարկը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառապատ տարածքները հասցնել 20,1 տոկոսի և պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանանքեր տանել դրան հասնելու մեծածավալ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
 
    Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը ներկայացրել է անտառային ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, անտառկառավարման ժամանակակից միջոցների ներդրման ուղղությամբ տարվող քայլերը։ Փոխնախարարը կարևորել է անտառների այլընտրանքային օգտագործման խթանումը՝ բացառելով  այն միայն որպես փայտանյութի աղբյուր դիտարկելը։
    Աշխատաժողովի մասնակիցներն առաջնային են համարել անտառի վրա ճնշումները թուլացնելու ծրագրերի մշակումը և գործուն միջոցների կիրառումը։ Մասնավորապես ներկայացվել է այլընտրանքային վառելիքի՝ պալետների արտադրության և օգտագործման խթանումը, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով անտառների կառավարման արդյունավետության բարձրացումը և ապօրինի անտառհատումների դեմ պայքարը։ Ոլորտի մասնագետներն առաջնային են համարել Հայաստանի անտառային տարածքների ավելացման հետևողական և արդյունավետ քայլերի իրականացումը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար