Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. Հարուցվել են քրեական գործեր

22-03-2019 11:22:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
2019 թվականի փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից: Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարչական վարույթի ընթացքում Ա. Խ.-ն ու վերը նշված տարածքի սեփականատեր Ս. Պ.-ն բացատրություն են տվել այն մասին, որ առանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման ավելի քան երեք տարի զբաղվել են սգո ծառայությունների մատուցմամբ:
 
Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Ա. Խ-ի կողմից չվճարված տեղական տուրքերի չափը (4.500.000) ՀՀ դրամը գերազանցել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված չորսհազարապատիկ չափը, այսինքն` առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 253-րդ հոդվածով ՀՀ պետական եկամուտների
կոմիտե է ուղարկվել Ա. Խ.-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի համար ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 04.03.2019 թվականին հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն:
 
2019 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն է ստացվել հասցեագրված դիմումով «Թասդ Բեր» ՍՊ ընկերության
հիմնադիր Է. Վ-ի դիմումն այն մասին, որ 1997 թվականից Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գործել է ընկերությանը պատկանող «Պառնաս» ռեստորանը: 2015 թվականին ռեստորանի հարևանությամբ բացվել է անհատ ձեռնարկատեր Գ. Մ.-ի կողմից շահագործվող «Մայրամուտ» անվանմամբ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու սրահը, ինչի հետևանքով խախտվել է «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 319-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը, քանի որ սգո սրահը հանրային սննդի օբյեկտից գտնվում է 100 մետրից պակաս հեռավորության վրա` Թևոսյան փողոցի թիվ 14 հասցեում: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.02.2019թ. թիվ 18-06/147 գրության` Թևոսյան փողոցի 14 հասցեում գտնվող «Մայրամուտ» սգո սրահի և Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Պառնաս» հանդիսությունների սրահի միջև հեռավորությունը կազմում է 9-13 մետր: Դիմումատու Է. Վ.-ն միաժամանակ հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` «Մայրամուտ» սգո սրահին 2015-2018թթ. ընթացքում թույլտվությունները տրամադրվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն միջամտության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում:
 
Նկատի ունենալով, որ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ի դիմումի և «Մայրամուտ» սգո սրահին տրամադրված թույլտվությունների, ինչպես նաև հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առերևույթ առկա են ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն` դիմումի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի Է. Վ.-ի դիմումը և ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նշված փաստի առթիվ 15.03.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար