Երևանը խնամքի կարիք ունի. շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին

22-03-2019 12:50:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև  բնակիչները:
 


Տարիների ընթացքում կուտակված աղբավայրեր ու շինարարական աղբով զբաղեցված տարածքներ. այս ամենից պետք է ազատվել համընդհանուր ջանքերով:
 
Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում: 
 
«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:
 
Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում:
 
 «Բացի ավանդական ծառատեսակներից լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում
կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք
նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- ասում է Խաչիկ Հակոբյանը: 
 
Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական 12 հասցեի ներկայիս վիճակը տարիների պատմություն ունի: Բնակելի շենքերի ու կրթօջախի հարևանությամբ փոքրիկ աղբավայր հիշեցնող տարածքը ևս կմաքրվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում: Նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել մայրաքաղաքի և՛ կենտրոնական, և՛ արվարձանային հատվածներում: 
 
«Կխնդրեի, որ շինարարական աղբը թափեին ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև մենք ունենք Նուբարաշենում շինաղբավայր, տանեն այնտեղ: Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժ/պ Արարատ Խաչիկյանը: 
 
Համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով:
 
«Համաքաղաքային շաբաթօրյակին միացել են Երևանի բոլոր մշակութային հիմնարկները: Նախատեսել են յուրովի և շատ գեղեցիկ մշակութային միջոցառումներ: Մեզ է նաև միացել արվեստագետների մի հսկայական բանակ և իրենց մասնակցությամբ նախատեսել ենք կազմակերպել գեղեցիկ ֆլեշ-մոբեր՝ «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով: Կոչ ենք անում բոլորին մարտի 23-ին միանալ մեզ: Տոնական շաբաթօրյակ բոլորիս», - նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանը: 
 
Բոլոր վարչական շրջաններում գործում են հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգել նշված հեռախոսահամարներով: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար