Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-04-2019 11:18:58   | Հայաստան  |  Մշակույթ
Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով:
 


«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և
հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
 
Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:  
 
«Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների  կողքին»,-ասում է Տիգրան Մանսուրյանը:
Վերջին շտկումները, մակագրում և ժամանակն է շարժվելու: Առջևում մաեստրոյի, նվագախմբի ու «Երևան» ստեղծագործության առաջին հանդիպումն է: 
 
Անհանգիստ են նաև երեխաները: Մաեստրոն արդեն դահլիճում է, տեղավորվում է ետևի շարքերում: Բայց սա՝ միայն առաջին րոպեներին: 
Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են:  Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ:
 
«Ցանկացած ստեղծագործողի, առավել ևս պատանիների համար երևի թե երազանքի նման է, երբ իր փորձին ներկա է լինում անձամբ Մանսուրյանը: Կարծում եմ, այս օրը դեռ երկար կմնա նրանց հիշողությունում»,- նկատում է Տիգրան Վիրաբյանը: 
 
Պատանեկան նվագախումբ ունենալու փորձեր քաղաքապետարանն արել է: Սակայն այս ծրագրի շնորհիվ Երևանը կունենա մշտական նվագախումբ, որի ծախսերը կհոգա համայնքը:
 
«Որդեգրել ենք մի քաղաքականություն. զատել լավագույններին և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծել: Այս առումով՝ ծրագիրը նաև ուսուցողական բնույթ է կրում, որպեսզի սերնդափոխության ժամանակ կրտսերները ձգտեն լինել լավագույններից և ընդգրկվեն այս կոլեկտիվի կազմում»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:
 
Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
 
«Մանսուրյանի նոր  ստեղծագործությունը, որը նվիրել է մեզ, մեծ պատիվ է: Մաեստրոն սիրում է եթերային գույներ, և շատ համապատասխանում է այս գործիքավորումը. Միայն լարայիններ, ֆլեյտաներ և կլառնետ: Զգում ես, որ մարդն ապրել է այս ստեղծագործությունը և մի տեսակ ոչ երկրային բան կա»,-նշում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նաև պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
 
«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:
 
Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150
և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում:
 
 «Գիտեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը խոստացավ, որ տարին լինելու է մանսուրյանական, և մենք հիմա խոստման հետքերով փորձում ենք ամեն ինչ անել: Այս համերգային ծրագիրը ընդամենը մի մասն է այն մեծամասշտաբ ծրագրերի, որ մենք իրականացնելու ենք  Մանսուրյանի 80-ամյակի միջոցառումների շրջանակում»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: 
Այս հանդիպումը պատանիները դեռ երկար կհիշեն` որպես իրենց կյանքի պատմական ու գուցե նաև բեկումնային օր: 
 
Մաեստրոն երեխաներին հրաժեշտ չտվեց. մինչ նոր հանդիպում: 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 469 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար