Կոշտ հիշեցում Մոսկվային. Վաշինգտոնից առաջ Երեւանն ամրացնում է թիկունքը

18-06-2019 16:25:25   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ:
 


Այդ հանդիպումից առաջ Ադրբեջանը որոշակիորեն լարեց իրավիճակը սահմանին: Հայկական կողմն այդ կապակցությամբ տարածեց հայտարարություն, նշելով, որ այդ հանգամանքը բերում է
Վաշինգտոնի հանդիպման օրակարգային համապատասխան գերակայության: Մեծ հավանականությամբ, Հայաստանի արտգործնախարարությունը նկատի ունի հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմի  ներդրումը, որը օրակարգում է դեռեւս ապրիլի պատերազմից հետո՝ մայիսից, Վիեննայի հանդիպումով:
 
Բայց, դիտարկելով այդ օրակարգային մեկնակետը, անհրաժեշտ է թերեւս մի փոքր էլ գնալ առաջ: Հրադադարի մեխանիզմների տեղակայման մասին Վաշինգտոնը ավելի ինտենսիվ սկսել է խոսել դեռեւս ապրիլի պատերազմից առաջ, երբ մեկ-երկու տարի Ադրբեջանը գործնականում զբաղված էր պատերազմի բացահայտ նախապատրաստումով, իրավիճակի ավելի ու ավելի մեծ լարում առաջացնելով, դիվերսիոն եւ այլ տեսակի պատերազմական գործողություն իրականացնելով, հայկական ուղղաթիռ խոցելով: Այդ ամենը տեղի էր ունենում Հայաստանի ռազմա-քաղաքական սուբյեկտության չեզոքացման ռուսական քաղաքականությանը զուգահեռ, որն ուղեկցվում էր նաեւ Ադրբեջանին սպառազինության մատակարարումով:
 
Ապրիլի պատերազմից օրեր առաջ էլ եղան մամուլի հրապարակումներ, որ Բարակ Օբաման մարտի 31-ին Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ միջուկային Վեհաժողովի առիթով (ի դեպ, Ալիեւին Վաշինգտոնում տեղի ունեցած նախորդ հավաքին Օբաման չէր հրավիրել), որպեսզի հրադադարի մեխանիզմների հարցը դրվի շատ ավելի ուղիղ եւ հստակ՝ հասունացող մեծ պատերազմը կանխելու համար:
 
Ստացվեց հակառակը, Ալիեւը գրոհի հրաման տվեց Վաշինգտոնից Բաքու ճանապարհին: Այն, որ Ադրբեջանի նախագահն այդպես շտապել էր, թերեւս վկայում է, որ Վաշինգտոնում նրա առաջ դրվել են իսկապես կոշտ հարցադրումներ, եւ նա մտածել է, որ պետք է պատերազմը սկսել հիմա, այլապես վաղը կարող է ուշ լինել:
 
Գրեթե կասկած չկա, որ այդ հարցում Ալիեւը ստացել է Մոսկվայի աջակցությունը, այլապես նա չէր գնա Վաշինգտոնի եւ Մոսկվայի դեմ միաժամանակ:
 
Մյուս կողմից, ստացվեց, որ Ադրբեջանը ֆալստարտ տվեց: Հնարավոր է, որ Արցախի դեմ գրոհը դեռ ամբողջությամբ չէ, որ նախապատրաստվել էր, պարզապես ԱՄՆ Բաքվին կամա թե ակամա դրեց կամ-կամ-ի առաջ՝ կամ գրոհել մինչեւ վերջ չպատրաստված, կամ կորցնել դրա հնարավորությունը ընդհանրապես: Քառօրյա պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը ֆալստարտ է տվել թե ռազմական, թե ռազմա-քաղաքական իմաստով:
 
Բաքուն պատերազմից հետո մինչ այժմ փորձում է պայքարել դրա հետեւանքի՝ դիվանագիտական փակուղու դեմ: Եվ երբ Ալիեւին թվում էր, որ փակուղուց դուրս գալու հնարավորությունը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն է, հայտնվեց ավելի խորը փակուղում՝ Հայաստանում թավշյա հեղափոխության հետեւանքով:
 
Դրանից անմիջապես հետո, արդեն մայիսի 9-ից Երեւանը Բաքվի առաջ դրեց հիմնարար դիվանագիտական-քաղաքական փաստարկներ, միաժամանակ Ռուսաստանի առաջ էլ դնելով առանցքային հարցադրումներ թե միմյանց ներքին գործերին չմիջամտելու, թե դաշնակցային պարտավորությունների երկկողմանիության առումով, արձանագրելով պատերազմի համար Մոսկվայի պատասխանատվությունը:
 
Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Վաշինգտոնում նախարարական
հանդիպման մեկնելու մասին հաղորդագրությունից առաջ, Հայաստանը բաց թողեց տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳն եւ եղել է զրույց ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Դա աննախադեպ երեւույթ է, որի առիթ էր եղել դեսպանի հանդիպումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
 
Գործնականում խնդիրն անշուշտ Ռոբերտ Քոչարյանը չէ, այլ ռուսական քաղաքականությունն ընդհանրապես: Վաշինգտոնի հանդիպումից առաջ Երեւանն այդ իմաստով ամրացնում է թիկունքը, ըստ ամենայնի ունենալով 2016 թվականի ապրիլի դասը: Որպեսզի Վաշինգտոնում Բաքվի առաջ խնդիրներ դնելով, որեւէ մեկը Մոսկվայից Հայաստանի թիկունքում դրանք չլուծի Ադրբեջանի համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1590 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար