Գագիկ Ծառուկյանին բարկացրել են

19-06-2019 15:32:23   | Հայաստան  |  Վերլուծություն
Լրագրողները բարկացրել են Գագիկ Ծառուկյանին՝ Քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալու մասին հարցերով:
 


Խոսքն ինչպես հայտնի է
Աբովյանի քաղաքապետի ընտրության գործընթացում տեղի ունեցած հրկիզման դեպքի մասին է: ԲՀԿ-ն հայտարարում է, որ այդ դեպքը եղել է սադրանք, ընտրության եւ իրենց վրա ստվեր նետելու համար: Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իրավապահները շոու են անում իրեն հարցաքննության կանչելով, որովհետեւ, եթե իրապես լիներ իր ներկայանալու կարիքը, իրեն հիմա արդեն «հինգ հազար հոգով տարել էին այնտեղ»:
 
Գագիկ Ծառուկյանն արդեն երկրորդ անգամ մերժում է վկայի կարգավիճակով Քննչական կոմիտե ներկայանալը, համարելով, որ հրավերը շոու է:
 
Բայց, եթե շոու է, ինչու՞ նա չի փակում շոուն
, ներկայանալով եւ տալով սպառիչ պատասխաններ, այսպես ասած «ձիով քայլ» անելով եւ անակնկալի բերելով քննիչներին: Ի վերջո, եթե նպատակն իսկապես շոուն է, ինչպես համարում է Ծառուկյանը, ապա պետք է ենթադրել, որ իրավապահների ակնկալիքն էլ հենց Ծառուկյանի չներկայանալն է: Շոուն ստացվում է այն ժամանակ, երբ Ծառուկյանը չի ներկայանում:
 
Հետեւաբար, մերժելով վկայի կարգավիճակով ՔԿ ներկայանալու հրավերը, Գագիկ Ծառուկյանը կամա թե ակամա խաղում է շոուի կանոններով: Նա ասում է, որ նպատակը Աբովյանի ընտրության վրա ստվեր նետելն է: Եթե այդպես է, ապա Ծառուկյանն առավել եւս պետք է անի իրենից հասանելիք հնարավորը՝ դա թույլ չտալու համար:
 
Բայց նա հայտարարել է, որ կատարվածը սադրանք է, եւ իրավապահները լավ էլ գիտեն դա, բայց խուսափում է վկայություն տալուց: Իսկ եթե Ծառուկյանը չի տիրապետում շատ թե քիչ հավաստի փաստական կամ փաստարկային տվյալների, որոնք թույլ են տալիս նրան եղածը գնահատել սադրանք, այդ դեպքում ստացվում է, որ նա անում է անպատասխանատու հայտարարություն:
 
Միեւնույն ժամանակ, Ծառուկյանն էլ իր հերթին իրավապահների առաջ դնում է բավականին էական հարցադրում: Եթե նրանք համարում են, որ հենց Գագիկ Ծառուկյանն է այն վկան, որի օգնությամբ պետք է բացահայտվի գործը, ուրեմն պետք է բերման ենթարկեն Ծառուկյանին եւ օրենքով սահմանված բոլոր միջոցները գործադրեն հրկիզման դեպքը բացահայտելու համար:
 
Համենայն դեպս, Քննչական կոմիտեն թերեւս պետք է ասի՝ Ծառուկյա՞նն է այդ վկան, կարեւորագույն վկան, նրա վկայությու՞նն է պակասում բացահայտման համար, թե՞ այդուհանդերձ խոսքն այնպիսի հանցագործության մասին չէ, որը հնարավոր չլինի բացահայտել առանց ԲՀԿ ղեկավարի վկայության:
 
Դրանով հանդերձ, ԲՀԿ ղեկավարը՝ որպես օրենսդիր կառույցի անդամ, որպես երկրում քաղաքական թիվ մեկ առաջնային մանդատի կրող, հանրությանը չի կարողանում համոզիչ կերպով բացատրել Քննչական կոմիտեի ծանուցագիրը մերժելու պատճառը: Այսինքն, այստեղ առաջանում է նաեւ արժեհամակարգային, մշակութային հարց՝ իրավա-քաղաքականին զուգահեռ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 782 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար