52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին

19-06-2019 18:06:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Երեք տարին մեկ անցկավող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման և ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար: 
 
Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ԱՃԹՆ-ի ազգային համակարգողների հանդիպումը, որտեղ ներկայացվել են ԱՃԹՆ-ի ստանդարտի նոր պահանջները։ ԱՃԹՆ-ի խորհուրդը հաստատել է ԱՃԹՆ-ի վերանայված ստանդարտը, որը համալրվել է պայմանագրերի հրապարակման, բնապահպանական հաշվետվողականության, տվյալների համակարգային բացահայտման, գենդերային և մի շարք նոր պահանջներով։ ԱՃԹՆ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Նոր զելանդիային նախկին վարչապետ, ՄԱԶԾ-ի նախկին ադմինիստրատոր տիկին Հելեն
Քլարքը։
 
52 երկրների շարքում Հայաստանը և ևս երկու պետություններ ԱՃԹՆ Համաշխարհային համաժողովի ժամանակ արժանացան ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին, որի առնչությամբ համաժողովի բացման ժամանակ ԱՃԹՆ նախագահ Ֆրեդրիկ Ռայնֆելդը նշել է․ «Նորեկ երկրի անդամակցումն ԱՃԹՆ-ին սկսվեց նորարարությամբ և բարձր տեմպերով։ Խթանելով կառավարության, արդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը՝ ԱՃԹՆ-ն օգնել է բազմաշահառու կողմերի համար ստեղծել բնական ռեսուրսների կառավարման շուրջ երկխոսության նոր մշակույթ:  Հետևելով համակարգային տվյալների բացահայտման ուղուն՝ Հայաստանի ԱՃԹՆ-ն ստեղծել է համակարգային տվյալների բացահայտման առցանց հաշվետվությունների համակարգ, որն էլ ծառայում է որպես տվյալների պորտալ»: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցության գործընթացը սկսել է դեռևս 2017 թվականից: Հայաստանը հաջողել է ոչ միայն կարճ ժամկետներում և արդյունավետորեն իրականացնել միջազգային ստանդարտի ներդրման աշխատանքները, այլև հանդես է եկել նորարարական լուծումների ներդրմամբ՝ մշակելով տվյալների հավաքագրման առցանց համակարգ, որը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը բաց ձևաչափերով:
 
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն է ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաև հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխըմբռնումը: ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորումն ու գործունեությունն
է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը հրապարակել է 2019թ. հունվարին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար