Կայացել է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնի գալահամերգը

19-06-2019 18:26:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Նախնական մասնագիտական երաժշտական կրթության որակի բարելավման, մրցակցային պայմաններում մշակութային կրթության առաջատարների բացահայտման և խրախուսման նպատակով արդեն 12-րդ տարին անընդմեջ անցկացվում է համայնքային երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնը: 
 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալահամերգին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու համայնքի ավագանու անդամներ: Մրցույթն անցկացվում է երաժշտական մասնագիտական ուսուցման 10 անվանակարգերում՝ դաշնամուր, վոկալ, լարային, փողային, հարվածային և ժողովրդական գործիքներ, ինչպես նաև դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երգչախումբ և տեսական առարկաներ: Հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ու աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը մրցանակներ են հանձնել լավագույն տասնյակում ընդգրկված դպրոցներին:  
 
Մրցույթ-փառատոնի արդյունքներով,
համապատասխանաբար, առաջինից տասներորդ հորիզոնականն զբաղեցրել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ստեփան Ջրբաշյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ղազարոս Սարյանի, Արմեն Տիգրանյանի, Կոստանդին Սարաջյանի, Ավետ Տերտերյանի, Բարսեղ Կանաչյանի և Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցները:  
 
«Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի գործիքային եռյակը և Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարման համար՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը: 
 
Երևանի մշակութային կյանքի բազմազանության ապահովման, ինչպես նաև մայրաքաղաքում փառատոնային մշակույթի ավանդույթների ձևավորման և խթանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար փառատոնի հիմնադիր Կամո Մովսիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
 
«Մինչ այս երեկոն սկսելը՝ մտաբերում էի անցած երկար տարիները, այս փառատոնի անցած ճանապարհը: Տեսնում էի մարդկանց, որոնց հետ սկիզբն ենք դրել այս փառատոնի: Համարում եմ այս փառատոնը կայացած ոչ միայն կրթամշակութային՝ իր մանկավարժական բնույթով, այլև, ամենակարևորը, որ փառատոնը դարձել է Երևանի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը: 
 
Շնորհավորելով փառատոնի մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել մակութային օջախների տաղանդաշատ սաներին: 
 
«Մենք ունենք
հրաշալի երեխաներ, տաղանդավոր երեխաներ, վստահ եմ, որ նրանցից շատերը հասնելու են միջազգային մակարդակով մեծ բարձունքների: Մենք լսեցինք հրաշալի երաժշտություն: Մի պահ մոռանում էիր, որ փոքրիկներ են ելույթ ունենում, ուղղակի տպավորություն էր, որ հասուն երաժիշտներ են և նվիրում են մեզ այս հրաշալի երաժշտությունը»,- նշել է քաղաքապետը:     
 
Համերգի ընթացքում հնչել են փառատոնի մրցութային շրջափուլի լավագույն կատարումներն ու համարները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 516 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար