«Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք». Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միության» կենտրոնական գրասենյակ

18-07-2019 18:50:23   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: 
 
Ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ բարձր է գնահատում Զարեհ Սինանյանի այցը, ապա հանդես եկավ մի շարք առաջարկներով:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են,
և սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանի Հանրապետությունում, տիրոջ աչքով նայի  իր հայրենիքին: «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախևառաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Այն բազմազան է, բարդ: Մեր աշխատանքը լինելու է համառ և տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը: 
 
Անդրադառնալով հնչեցված առաջարկներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթականեր, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են և՛ համահայկական, և՛ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միևնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը ևս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի: Հանձնակատարը նշեց, որ գրասենյակը համակարգման գործառույթ ունի, և պետք է համակարգի նաև սփյուռքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը խուսափելու համար ռեսուրսների վատնումից կամ կրկնությունից: «Սփյուռքը հզոր է, և մենք պետք է օգտագործենք այդ հզորությունը և՛ ի շահ Հայաստանի, և՛ ի շահ սփյուռքի»:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՌԴ հայ համայնքի
ներկայիս վիճակին, նրա առաջ ծառացած մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ և համագործակցությունը համայնքային կառույցների հետ: 
 
Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: 
 
Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային հնգօրյա այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: Սա գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք: Նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 815 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար