ՀԲ-ի ֆինանսավորմամբ ՀՌՀ-ում հիմնվելու է գենոմիկայի ոլորտի գիտակրթական և հետազոտական գերազանցության կենտրոն

22-08-2019 17:24:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ-Ռուսական համալսարանի կողմից ներկայացված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում։
 


Ծրագրի շրջանակում նախատեսվում է
Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն։
 
Ծրագրի ղեկավար ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ գենոմիկան և գենոմի խմբագրումն արդեն իսկ սկսել են հեղափոխել կենսաբժշկությունը, կենսատեխնոլոգիաները և դեղագործությունը:
 
Ներկայումս աշխատաշուկայում առկա է ոլորտի մասնագետների և մասնագիտացված գիտատեխնիկական կենտրոնների մեծ պահանջարկ: Կենտրոնի հիմնադրումը թույլ կտա ՀՌՀ-ին դառնալ այս գործընթացների մի մասը:
 
Դրամաշնորհի շրջանակներում ՀՌՀ-ում հիմնվելու է ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած հետազոտական լաբորատորիա: Մշակվելու և ներդրվելու է նոր  երկլեզու մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիր, իսկ առկա կրթական ծրագրերում բարելավվելու են մասնագիտական առարկաների ծրագրերը և ներառվելու են նոր գործնական առարկաներ:
 
Այս ամենը թույլ կտա պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աշխատաշուկայում ձևավորվող պահանջարկը, իսկ բուհի շրջանավարտներին թույլ կտա գտնել մասնագիտական հմտություններին առավել համապատասխան աշխատանք և ունենալ մասնագիտական աճ:
 
Ընդլայնելու են առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները, ինչը կնպաստի գիտական արդյունքների որակի բարձրացմանը, տպագրված աշխատանքների ծավալի մեծացմանը, ստացված արդյունքների հնարավոր ներդրմանը և նոր միջազգային համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 137 մլն դրամ, որի մոտ 80%-ն ուղղվելու է նորարարական կենտրոնի համար սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 650 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար