Ինչու սպանվեց զինվորը. ինչ է հայտնի Ռոբերտ Քոչարյանին

13-09-2019 10:31:07   | Հայաստան  |  Վերլուծություն
Ինչու՞ սպանվեց իմ որդին, որպեսզի հայտարարվի, որ այս կողմի՞ց էլ զոհեր կան, Ռոբերտ Քոչարյանի գործի դատավարությանը հայտարարել է մարտի 1-ին սպանված ներքին զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը: Նա ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը ուժայինների շարքում զոհերի մասին էր խոսում այն ժամանակ, երբ իր որդին դեռ ողջ էր: Մոր խոսքով, որդուն սպանել է դիպուկահարը: Նա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա անազատության մեջ, մինչեւ չպատասխանի բոլոր հարցերին:
 


«Էէէ, էնքան բան կա ասելու», հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան լրագրողների հարցի, երբ նրան կալանքի էին տանում արդեն երրորդ անգամ:
 
Ե՞րբ է ասելու Ռոբերտ Քոչարյանն «այնքան բանը», եւ ի՞նչ է ասելու: Լեւոն Քոչարյանը՝ նրա որդին, ասում է, թե իրենց ընտանիքը մարտիմեկյան զոհերից հետո երկրորդ տուժողն է, որովհետեւ ամեն ինչ վերագրել են իրենց:
 
Առերեւույթ ստացվում է այդպես, բայց բանն այն է, որ այլ ուղղությամբ վերագրելու հնարավորությունը պատկանում էր Ռոբերտ Քոչարյանին, որը
Մարտի 1-ից հետո 40 օր դեռեւս նախագահ էր եւ կարող
էր տալ ողբերգության առանցքային հարցի պատասխանը՝ ով է սպանել տասը մարդու, եւ ինչ մարդու հրամանով կամ ցուցումով:
 
40 օրը բավարար չէ՞ր: Հնարավոր է, բայց դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կարծես թե որեւէ անգամ չէր դժգոհում, որ իրավապահներն իրենից հետո չեն անում անհրաժեշտը՝ սպանությունները բացահայտելու եւ իրեն գլխավոր մեղադրյալի կարգավիճակից հանելու համար:
 
Դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի համար խոսելու եւ իր շատ ասելիքը հայտնելու հնարավորություն է, թե հարցերին պատասխանելու, թե հարցեր տալու հնարավորություն:
 
Ի վերջո, մարտիմեկյան գործն անհնար է համարել բացահայտված, քան դեռ հստակ չեն մարդասպանները, քանի դեռ ապացուցված չեն սպանությունները: Հեղափոխությունից հետո ՀՔԾ-ն հայտարարել է, որ ոչնչացվել են ապացույցները: Ապացույցներ ոչնչացնող Վահագն Հարությունյանը Ռուսաստանում է՝ պատսպարված:
 
Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ մեկնարկած երկխոսության շրջանում, որն այդպես էլ չհասավ նրանց ուղիղ հանդիպման, միտք էր հայտնել, որ սպանությունները տեղի են ունեցել այն հատվածներում, որը չեն վերահսկել իշխանությունն ու ընդդիմությունը:
 
Դա մտահոգություն էր, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրեն չնշանակե՞ն գլխավոր մեղավոր, թե՞ Ռոբերտ Քոչարյանն ինչ որ բան գիտե եւ ակնարկում էր, որ այդպիսին նշանակվելու դեպքում կասի այն, ինչ գիտե: «Երրորդ ձեռքի» մասին նա ակնարկել է նաեւ հեղափոխությունից հետո հարցազրույցներում:
 
Ի՞նչ գիտե Ռոբերտ Քոչարյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 663 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար