Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

22-10-2019 19:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: 
 
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, և ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և կայացած է համարել հայ-ֆրանսիական
ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ և ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջև առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Անդրադառնալով ընթացիկ փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է 2018 թ. ապրիլից Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երևանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը: 
 
Լորան Վոքիեն ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլյա Դարագոնը, ինչպես նաև ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքների ղեկավարները՝ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Դեսին Շարպի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանը: Նրա խոսքով՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հայերը մեծ նպաստ են բերում շրջանի, նաև Ֆրանսիայի զարգացմանը, և Օվերն-Ռոն-Ալպ շրջանը պատրաստ է կապող օղակի դեր խաղալ Հայաստանի և Եվրամիության միջև: Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այժմ հետևում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և իր՝ Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկի ղեկավարի առաջին այցը Հայաստան խոսում է փոխգործակցությունն էլ ավելի մեծ թափ հաղորդելու շահագրգռվածության մասին: Նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի, վերականգնվող և արևային էներգետիկայի, թերմալ ջրերի ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով
համարժեք ներուժի առկայությունը և առաջարկելով փորձագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու համար: 
 
Վարչապետ Փաշինյանը ևս հետաքրքրական է համարել Հայաստանի համար այս ուղղություններով փոխգործակցության խորացումը, ներդրումների ներգրավումը և  պատրաստակամություն հայտնել առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ աշխատանքի ձևաչափով: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ֆրանսիական դպրոցի, Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման ծրագրերի ընթացքի շուրջ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 627 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար