Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր

15-11-2019 11:15:37   | Շիրակի մարզ  |  Իրավունք
Ինչպես արդեն տեղեկացվել է, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում երեք դպրոցներում պարզված հանգամանքների առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:
 


Մասնավորապես, ոստիկանության Կումայրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում է պարզվել , որ անձին բակապահի հաստիքին 0.5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3մլն դրամ, որը  վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:
 
Նշված փաստերի կապակցությամբ Շիրակի մարզի
դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստված նյութերով էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար գրացված է եղել որպես համակարգչային օպերատոր, չի հաճախել աշխատանքի, սակայն նրան է փոխանցվել կազմակերպության դրամական միջոցներից վճարված խոշոր չափերի ընդհանուր մոտ 1.4մլն ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև տրամադրվել է նախ նախածննդյան և հետծննդյան, ապա երեխայի խնամքի նպատակային արձակուրդ:
 
Նույն բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոսի 27-ին «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո անձը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն պաշտոնեական կեղծիք կատարելով հաստատել է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ իր անվամբ բոլոր աշխատանքային օրերին աշխատանքային պարտականությունները կատարած լինելու հանգամանքը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Ապա շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է իր անվամբ հաշվարկված
և կազմակերպության դրամական միջոցներից վճարված զգալի չափերի գումարները:
 
Նկատի ունենալով, որ նշված վերջին երկու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
 
 
Այս ոլորտում ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ, որոնց արդյունքների մասին նաև կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 384 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար