Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն այս գիշեր վերադարձել է Հայաստանի Հանրապետություն

16-11-2019 14:37:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, օրերս գրավի դիմաց ազատ արձակված եւ Իտալիայի Հանրապետություն մեկնած Ռուսլան Բաղդասարյանն արդեն ՀՀ-ում է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` ասաց վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ նա Հայաստան է վերադարձել այս գիշեր։
 


Հիշեցնենք` Բաղդասարյանը Իտալիա էր մեկնել նոյեմբերի 13-ին` իր կնոջ առողջության հետ կապված հարցերով։ Այդ ժամանակ նրա սահմանահատման վրա դրված արգելանքն արդեն հանվել էր: Արգելանքի մասին Հրանտ Անանյանը տեղեկացել էր նոյեմբերի 10-ին՝ ժ. 04:00-ի սահմաններում, երբ իր պաշտպանյալը ցանկացել էր նույն նպատակով ընտանիքի հետ մեկնել Իտալիա։
 
Պաշտպանը ահազանգել էր 1-02 և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանությանը, քանի որ նրա խոսքով` այդ ժամանակ իր պաշտպանյալը չուներ դատավարական կարգավիճակ, և նրա նկատմամբ կիրառված չէր խափանման միջոց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ հաղորդումը կուսումնասիրվի, եւ ավելի
ուշ դրա վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
 
Մեր զրույցում պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ որեւէ ողջամիտ պատասխան Ոստիկանությունից չի ակնկալում. «Ամեն
բան շատ հստակ է. իմ պաշտպանյալը դատավարական կարգավիճակ չի ունեցել, նրա նկատմամբ կիրառված չի եղել խափանման միջոց, հետախուզում չի եղել, բայց ապօրինի արգելանք է դրվել նրա սահմանահատման վրա, ինչի արդյունքում մարդը իր տոմսը կորցրել է: Ես հիմա չեմ ակնկալում ստանալ որեւէ ողջամիտ պատասխան, ձեւական ինչ-որ պատասխան, բնականաբար, կարող են ուղարկել, բայց իրենք իրենց վրա գործ հո չեն հարուցելու»:
 
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
 
Նոյեմբերի 11-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշում էր կայացրել բավարարել նախաքննական մարմնի կալանավորման միջնորդույունը՝ միաժամանակ բավարարելով պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը: Ըստ այդմ, Բաղդասարյանն ազատ էր արձակվել 5 միլիոն գրավի դիմաց: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։
 
Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։ Ռուսլան Բաղդասարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
 
Միլենա Խաչիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 662 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար