Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև

18-11-2019 13:29:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նոյեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է «Մտավոր
սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը: Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից:
Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով: 
 
Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։
 
Հուշագրով
նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան  Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում  իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերը խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով: Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը: 
 
Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով: Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում: 
Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն,  ողջունելով աշխատաժողովի մասնակիցերին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։ 
 
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոյի  հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 472 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար