Վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր

18-11-2019 18:34:06   | Հայաստան  |  Հասարակություն
Ոչ միայն որակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում  «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը։ 
 

Կազմակերպու
թյունն ի սկզբանե աշխատել ու աշխատում է կրթության ոլորտում՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, զբաղվում է ծնողների, ընտանիքների,  ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներով, հրատարակում է մանկավարժական ու մանկական գրականություն՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։  Հիմնադրամի իրագործած ծրագրերն  առաջարկում և կիրառում են երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ։ Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն այսպես է ձևակերպում. «Նպաստել Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն»։  
«Քայլ առ քայլ»-ի՝ վաղ տարիքի երեխաների խնամքին, դաստաիրակությանն ու կրթությանը միտված կրթական ծրագրերն  աջակցում են Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի   բարեփոխումներին: Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝  հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին, օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին ընտանիքների, համայնքների մասնակցությանը ։
 
«Վաղ մանկության կրթության խնդիրները»
«Քայլ առ քայլը» հոգում է նաև այն մասին, որ մանկավարժներին, ծնողներին, կրթության մասնագետներին և վաղ մանկության զարգացման ոլորտում ներգրավված այլ մարդկանց ու կազմակերպություններին հասանելի լինեն նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձը, գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները, ինչը կօգնի առավել զարգացնելու և արդյունավետ դարձնելու մեր աշխատանքը։
«Քայ առ քայլի» նոր ծրագիրը նրատակ ունի Հայաստանում ներկայացնել «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիրը, որ հրատարակվում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից։ Սա վաղ մանկության զարգացման խնդիրներին նվիրված ամսագիր է, որի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների  առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, տեղեկացնել այդ ոլորտի լավագույն փորձի մասին և ոգեշնչել ու նպաստել դրանց տարածմանը։
Ծրագրի շրջանակներում հայերեն են թարգմանվել ամսագրի մի քանի հրապարակումները և նախաձեռնվել են դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ. ուսանողներ,
դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք։
Քննարկման համար ներկայացվել են աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։
 
Չինաստան. վաղ մանկության զարգացմանն ուղղված համայնքային ծրագիր
Այս ծրագիրն իրականացվել է Չինաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար: Երեխաների զարգացման նպատակով կրթական ծրագրերը ամենուր ներդրվում են հիմնականում նախակրթարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում 3 տարեկանից սկսած: Իսկ մինչև 3 տարեկանների համակարգային զարգացմանն ուղղված ծրագրեր հիմնականում չեն գործում հատկապես գյուղական համայնքներում: Քաղաքային բնակավայրերում գործող վաղ մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելի չեն ֆինանսական առումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն ու վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցածր որակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցող ու երեխայի զարգացման կարևոր այդ շրջանը բաց է մնում:  Մինչդեռ այդ տարիքում ստացած գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար: 
Ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է Չինաստանում: 2013 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ, այն իրականացրել է Չինաստանի վեց նահանգների 146 համայնքներում խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար: 
Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:
 
«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» 
Աշխարհի շատ երկրներում դեռ կա այն կարծրատիպը, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Ու հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի գործում սովորաբար փոքր տոկոս է կազմում: 
«Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ծրագիրը հայրերին հասցեագրված  մենթորական նախաձեռնություն է, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում: Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, որոնք առաջին անգամ են հայր դարձել: Հայրն ու մայրը ընտրում են համայնքում հարգանք վայելող մարդկանց, որոնք վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին: 
Հայրերը սովորաբար զբաղված են աշխատանքով, ապահովում են ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, սակայն մասնակցություն երեխաների դաստիարակության ու խնամքի մեջ գրեթե չեն ունենում, կամ մասնակցում են միայն որպես պատժող, խիստ մեկը, ում կերպարով մայրը սաստում է երեխաներին: 
Այնինչ մանկական հոգեբանները վստահեցնում են, որ այն երեխաները, ում հայրերը ակտիվ մասնակցությունն ունեն նրանց առօրյա կյանքում, սոցիալապես ավելի լավ են զարգանում ու ավելի հաջողակ լինում:   Այդ են փաստում նաև այլ երկրներում «Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ու «Ծրագիր P» ծրագրերի արդյունքներն ու հետազոտությունները, որոնք  ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են նրա խնամքի գործում: 
 
«Սեզամի փողոց» հաղորդաշար 
«Սեզամի փողոց» հաղորդաշարը ստեղծվել է 1969 թ. անբարենպաստ պայմաններում ապրող նախադպրոցական տարիքի երեխաներին գրել, կարդալ սովորեցնելու և դպրոցին նախապատրաստելու նպատակով: Բայց ժամանակի ընթացքում այն ընդլայնել է թե՛իր լսարանը տարիքային  ու աշխարհագրական առումով, թե՛ թեմաներն ու ընդգրկումը: Սա մինչև 12 տարեկան երեխաներին խաղային ֆորմատով ներկայացնում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ժամանակակից հասարակության արժեքներն ու նորմերը, երեխաների մեջ դաստիարակում ինքնահարգանք, լավատեսություն, կենսական ակտիվ դիրքորոշում, և խթանում հետաքրքրասիրությունը: 
Հաղորդումն այնպիսի հաջողություն ունեցավ, որ սկսեց ցուցադրվել տարբեր երկրներում: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Յուրաքանչյուր նոր երկրում հաղորդաշարի վրա աշխատում են տեղացի հոգեբաններ ու մանկավարժներ՝ ստեղծում «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. բովանդակությունը հարմարեցվում է տվյալ տարածքի լեզվին և մշակույթին, ընտրվում են նոր այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին: 
Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին: Այսօր արդեն այն հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ  դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
 
yerevaklur.am
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար