Կիրառե'լ պատշաճ. մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը. ԱՆ

18-11-2019 13:57:24   | Հայաստան  |  Հասարակություն
Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե'լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների  պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը:
 


Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության  համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:
 
Միջազգային տվյալների համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 000 մարդ և յուրաքանչյուր 90 վայրկյանում մահանում է 1 մարդ: Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում
է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում:
 
Հայաստանն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ  միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:
 
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է  հասցնել  յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է,  բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների: Եվրոպական տարածաշրջանի երկներում իրականացված տնտեսական գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է` թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը:
 
ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ,  ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման
ռազմավարությունների մշակմամբ և ներդրմամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում  հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:
 
Ուստի, միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ մենք կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:   
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար