ԱյԴի Բանկը ոչ կոմպետենտ է համարում «Բ․Մ․Լ․ Արզնի»-ի հայցը բավարարելու մասին դատարանի որոշումը

18-11-2019 19:03:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի ունեցավ ԱյԴի Բանկի (նախկինում «Անելիք բանկ») Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը:
 


Հարց ու պատասխանը հիմնականում նվիրված էր ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկի»» դատական գործի
էությանը, հնարավոր զարգացումներին ու հետևանքներին։
 
Բանախոսները հանգամանորեն անդրադարձան գործի նախապատմությանը և դատական գործընթացի ներկայիս փուլին, ինչպես նաև ներկայացրին Բանկի դիրքորոշումը։
 
Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով դեռևս ընթացող դատական գործընթացն ինքին վտանգներ է պարունակում ՀՀ տնտեսության, մասնավորապես բանկային համակարգի կայունության և ՀՀ ներդրումային գրավչության տեսանկյունից։
 
Խոսքը նորանկախ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ հայցի մասին է, որի բավարարումը Բանկը համարում է ոչ կոմպետենտ որոշում։ Գործով առկա է իրար հաջորդող երեք դատական ակտ․ առաջին ատյանի դատարանը 2018թ-ի մարտին վճռել էր գանձել Բանկից 22 մլն դոլար, սակայն վերաքննիչ դատարանը գտել էր, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել մի շարք էական հանգամանքներ, վճիռը կայացրել էր դատավարական կոպիտ սխալներով, ուստի գործը նոր քննության էր ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ 2019թ․ սեպտեմբերի 20-ին դատարանը հրապարակել էր վճիռը, որով
նույնպես որոշել էր գանձել նշված գումարը։ Բանկը դիմել է վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ դատարանը կրկին կոպիտ խախտումեր է թույլ տվել։
 
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Բանկը կասկածներ ունի դատարանի կողմնակալության վերաբերյալ, ԱյԴի Բանկ-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը պատասխանեց, որ նման պնդում անելու հիմքեր իրենք չունեն, բայց կարող են բերել մի շարք հիմնավորումներ առ այն, որ վճիռը կայացվել է կոպիտ սխալներով։
 
Խնդիրը դիտարկելով համակարգային բարեփոխումների անհրաժեշտության համատեքստում՝ Բանկը խնդրի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետին հղած նամակում՝ հույս հայտնելով, որ Նոր Հայաստանում այլևս անհնար կլինի տնտեսական բնույթի խնդիրները լուծել անձնական կապերի և միջնորդությունների ներգրավման եղանակով։
 
Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե վերաքննիչ և վճռաբեկ դատարանները Բանկի համար ոչ նպաստավոր ակտեր կայացնեն, Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, մատնանշելով Բանկի՝ 100% օտարերկրյա կապիտալով գործելու հանգամանքը, ընդգծեց, որ ամբողջությամբ գիտակցելով ՀՀ դեմ ներդրումային դատարանում հայց ներկայացնելու բացասական կողմերը՝ Բանկն, այնուամենայնիվ, կարող է ստիպված լինել դիմելու այդ քայլին՝ իր բաժնետերերի և հաճախորդների օրինական շահերի և Բանկի վարկանիշի պաշտպանության համար։
 
Հիշեցնենք՝ այն մասին, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-իիրական շահառու Գևորգ Աֆանդյանը և նրա հետ փոխկապակցված ընկերությունները խնդիրներ ունեն ՀՀ ևս 7 բանկի հետ, իսկ նրա պարտքերը հասնում են միլիոնավոր դոլարների, և նրա գործողությունները, ինչպես նաև դատարանների՝ իրար հաջորդող սխալ ակտերը կարող են ազդել ՀՀ բանկային համակարգի կայունության և ներդրումային միջավայրի գրավչության վրա, օրերս ԱԺ ամբիոնից հայտարարել էր նաև ԿԲ նախագահ Ա․ Ջավադյանը, իսկ հարցը բարձրացրած պատգամավոր Տիգրան Կարապետյանը նշել էր, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ իրենք ուշադրությամբ հետևելու են գործի ընթացքին։
 
Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը անդրադարձել է նաև հաճախորդների կողմից հնչեցված հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են իրենց միջոցների անվտանգությանը։ «Ի սկզբանե հայտարարում եմ, որ նույնիսկ այն իրավիճակում, երբ Բանկը ստիպված կլինի վճարել պահանջվող գումարը, Բանկը ֆինանսական խնդիրներ չի ունենա։ Մենք ունենք բավականաչափ ներուժ և ռեսուրսներ անգամ այդ պայմաններում ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բանկը իր զարգացման ծրագրով նախատեսված և նույնիսկ առաջանցիկ տեմպերով զարգանում է։ 2020 թվականի ծրագրերով ունենք բազմաթիվ նորամուծություններ, որոնք վստահաբար դուր կգան մեր հաճախորդներին»,-նշել է Մհեր Աբրահամյանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 531 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար