ՀՖՖ գործկոմի օրակարգում չկա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարցը

19-11-2019 14:14:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած 1։9 ջախջախիչ հաշվով պարտությանը:
 
«Որևէ բացատրություն և արդարացում չունի 1։9 հաշվով պարտությունը: Բոլորն են մեղավոր
պարտության համար, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:
 
Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:
 
Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի թիմը հյուրընկալվեց Իտալիային: Պալերմո քաղաքում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 9 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իտալիայի կազմում դուբլեր ձևակերպեցին Իմոբիլեն, Զանիոլոն, մեկական անգամ աչքի ընկան Բարելլան, Ռոմագնոլին, Ժորժինյոն, Օրսոլինին, Չիեզան: Հայաստանի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը: Սա Հայաստանի ընտրանու պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն է:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար