ՀՄԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն

19-11-2019 17:36:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, ծանոթացել ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն իրականացնող կառույցի աշխատանքին, որտեղ մեկ օր առաջ սկսվել է ավտոմեքենաների մաքսազերծումը: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային տեղեկացրել են, որ ողջ ծավալով շահագործվելու պարագայում կառույցն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: Առաջիկայում այստեղ կմաքսազերծվեն նաև բեռնարկղերով մեքենաները: Մաքսային հսկողության և ձևակերպման գործառույթներ իրականացնող բաժիններից բացի, տեղակայված են բանկեր, իսկ հետագայում միևնույն վայրում կգործեն նաև ճանապարհային ոստիկանության՝ ներմուծվող ավտոմեքենաների պետական հաշվառման գործառնություններն իրականացնող համապատասխան ստորաբաժանումները:
 


 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՄԿ գլխավոր քարտուղարն ուրախությամբ է նկատել, որ ընդամենը մեկ օր առաջ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների նոր սրահի գործարկումից հետո բավականին շատ քաղաքացի է սպասարկվել. «Նշանակում է` տարածքի անհրաժեշտությունը կար, և ՊԵԿ-ը կարողացել է արձագանքել այդ պահանջարկին: Այն, որ մեկ օրում` ընդամենը րոպեների ընթացքում են կատարվում գործընթացները, ցույց է տալիս ծառայությունների մատուցման բարձր մշակույթը, որին հասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:
 
Կունիո Միկուրիայի դիտարկմամբ` Հայաստանը ՏՏ ուղղվածությամբ
երկիր է, իսկ ՊԵԿ-ն իր հերթին շարունակաբար բարելավում է մաքսային ոլորտում կիրառվող թվային տեխնոլոգիաները` փորձելով համընթաց շարժվել համաշխարհային միտումներին. «Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացումը պահանջում է թվայնացման մեծ քայլեր, ուստի վստահ եմ, որ Հայաստանի մաքսային ծառայության համար դա առաջ մղող գործոն կլինի թվայնացման տեմպերի արագացման գործում: Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»:
 
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական կառուցումից հետո Հայաստանն ունենալու է նոր որակով մաքսային ծառայություն. «Մաքսային ծառայության կարևորագույն գործառույթներից է լինելու հաճախորդների արագ, սահուն և պատշաճ սպասարկումը: Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները»:
 
ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ամբողջական ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն, որտեղ մատուցվելու են առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ, իսկ մաքսային գործառնությունները կատարվելու են ավելի դյուրին և արդյունավետ:
թույլտվությունները»:   ՀՄԿ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար