Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հերթական փուլը

21-11-2019 16:08:07   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն
 

 
Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում, մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգևորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում՝ նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել: Միայն 2018թ.-ին տնկվել է շուրջ 5 000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաև փորձնական ծրագիրն իրականացնողները. փակ եղանակով, տարածքի սերմերից ջերմոցներում աճեցված տնկիները հետագայում հարմարվելու և խիստ առանձնահատուկ խնամքի կարիք չեն ունենում:
 
Ծառատունկն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի
(FPWC)՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։  Ծրագրի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
 
Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Գնիշիկ բնակավայրում ծառատունկն ու շրջակա միջավայրի պահպանությունն անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում, այլև համայնքի զարգացում են ենթադրում: Կա նաև ծրագրի ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. իրականացվող աշխատանքներին՝ բնակիչների ակտիվ մասնակցությունը: Համայնքի և վարչական տարածքի ղեկավարների կարծիքով, դա շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավության ու հետագա խնամքի ապահովման երաշխիքներից կարող է լինել:
 
Ծառատունկի վերջնարդյունքում, մի քանի տարի հետո, ակնկալվում է ունենալ «ուտելի անտառներ»՝ լուծելով բնապահպանական ևս մեկ խնդիր: «Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել՝ կենդանական աշխարհի համար։ Նախորդ տարի տնկված 5000 ծառերին, այս տարի կավելանան ևս 12 000-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
 
Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով, տեղադրվել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ՝ շարժական
«էլեկտրական հովիվներ»: Ծառատունկի՝ այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) և գործի գիտակ՝ Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեյվիսի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարևոր և լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար