Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

22-11-2019 12:42:58   | Հայաստան  |  Մշակույթ
 


Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։ 
 
Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։ Ուշագրավ է‚
որ Ալֆրեդ Շնիտկեն 1985 թվականին գրել է նաև երգչախմբային կոնցերտ Գրիգոր Նարեկացու տեքստի հիման վրա: 
 
Երևանյան համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգան հանրահայտ երաժիշտներ՝ թավջութակահար Բորիս Անդրիանովը և դաշնակահար Լուսինե Խաչատրյանը։ 
 
Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մասին New York Times-ը գրել է. «Նա հիանալի դաշնակահար է, մեծ ձայնով և կրակոտ տեխնիկայով»։ Լուսինե Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է‚ հանդես է գալիս անվանի բեմերում։ Պարբերաբար ելույթ է ունենում նաև եղբոր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ 
 
Շնիտկեի Թավջութակի թիվ 1 կոնցերտը Երևանում կներկայացնի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Անդրիանովը։ Նա՝ որպես մենակատար‚ ելույթ է ունենում Մարիինյան թատրոնի նվագախմբի‚ Իսրայելի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ Ռուսաստանի ազգային և այլ նվագախմբերի հետ։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար