Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

22-11-2019 14:42:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Արդեն 45 օր է՝ Գառնիկ Խաչատրյանի ձայնը կտրվել է եւ չի վերականգնվում: Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Պատմությունն սկսվել է այն օրվանից, երբ Գառնիկի մոտ մրսածության պատճառով նշագեղձերը բորբոքվել են, եւ նա գնացել է ծանոթ բժշկի՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանի մոտ: Սակայն քանի որ պացիենտը նաեւ քթի միջնապատի թեքություն է ունեցել, որոշվել է նախ այդ հարցով զբաղվել: Հոկտեմբերի 9-ին կատարվել է երիտասարդի քթի միջնապատի վիրահատությունը:
 


Օր առաջին
 
«Նարկոզից արթնացա ու զգացի, որ չեմ կարողանում խոսել: Սկզբում ընդհանրապես բառեր չէի արտասանում, բայց հետո՝ օրերի ընթացքում, սկսեցի շշուկով խոսել: (Տեղի ունեցածը Գառնիկը պատմում էր դժվարությամբ, շշուկով, երբեմն՝ հազալով, շունչը կտրվում էր-հեղ.): Բժշկուհիս նայեց, ասաց՝ ոչինչ, վիր
ահատությունից հետո լինում է, 2-3 օր հետո կանցնի, բայց չանցավ»,- պատմեց Գառնիկ Խաչատրյանը:
 
Երիտասարդը 3 օր անց կենտրոն է վերադարձել եւ ստացել նույն պատասխանը՝ մի երկու օրից կվերականգնվի: Օրեր անց՝ հետազոտության ժամանակ, Գառնիկի խոսքով՝ բժիշկներն իրար մեջ ինչ-որ բան են խոսել: «Ես բաժնի ղեկավարի մոտ ինչ-որ վախ զգացի, հասկացա, որ լուրջ բան է, բայց ինձ ոչինչ չասացին»,- նշեց երիտասարդը՝ պատմելով, որ դրանից հետո իրեն մի շարք դեղեր են նշանակել: 
 
Փոքր դժոխքը
 
Վիրահատությունից 10-ը օր անց հիվանդանոցում նշել են, որ հավանաբար պացիենտի մոտ ուռուցք կա, անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ: Գառնիկի խոսքով՝ փոքր դժոխք էր: 3-4 օր տեւած ստուգումների արդյունքում հերքվել է այդ լուրը, եւ նրան ուղարկել են բուժվելու այլ կենտրոնում՝ Երեւանի «Modern Implant Medicine»-ում, որը մասնագիտացված է նման հարցերով:
 
«Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից տրված էպիկրիզում նշված է, որ «հետվիրահատական շրջանում հիվանդը գանգատվում էր ձայնի բացակայությունից: Կատարվել է ֆիբրոլարինգոսկոպիա, հայտնաբերվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ: Հիվանդը զննվել է նաեւ նյարդաբանի կողմից, նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Այն ստանալուց հետո նկատվել է զգալի դրական դինամիկա: Ֆիբրոլարինգոսկոպիկ՝ ձախ ձայնալարի շարժունակությունը վերականգնվել է: Հիվանդը խոսում է, ձայնն աննշան խռպոտ է»:
 
Այս տեղեկատվությունը, սակայն, Գառնիկի կարծիքով՝ անհեթեթություն է. նյարդաբանի մոտ չի զննվել, ձայնալարի շարժունակությունը չի վերականգնվել, իսկ ասել, թե ձայնն աննշան է խռպոտ, ծիծաղելի է:
 
 
Իրավիճակը, սակայն, չփոխվեց
 
Այժմ Գառնիկ Խաչատրյանն իր բուժումն է ստանում նշված երկրորդ կենտրոնում, սակայն, նրա խոսքով, առաջընթաց չկա, ձայնը գրեթե չի ավելացել: Երիտասարդն այցելել է նաեւ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մեկ այլ մասնագետից խորհուրդ հարցնելու: Կենտրոնից Ավետիք Մինասյանը, համեմատելով հետազոտությունները, նշել է, որ տարբերություն չի տեսնում եւ խորհուրդ է տվել բուժումը շարունակել արտերկրում: Պացիենտն էլ որոշել է՝ Գերմանիա կմեկնի: Երիտասարդը նաեւ իմացել է, որ այս խնդիրը լուծվում է առաջին 1-2 ամսվա ընթացքում, ուշացնելու դեպքում հնարավոր է այլեւս չբուժվի:
 
«Կապն այս ընթացքում «Իզմիրլյան»-ի հետ կտրվել էր, ես իրենց չէի զանգում, իրենցից ոչ մեկը՝ ինձ, չէին հարցնում բուժվել եմ, թե ոչ»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ վերջերս գնացել է այդ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ հանդիպման, խոսել փոխհատուցման տարբերակի մասին: Ի պատասխան՝ տնօրենը հայտնել է, որ կենտրոնը չի տեսնում փոխհատուցման ոչ մի տարբերակ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Իրեն վիրահատող բժշկուհին էլ հավելել է. «Անցյալ տարի, որ հայրիկիդ վիրահատել եմ, մի անգամ չտեսա, որ «Ֆեյսբուք»-ում գրես՝ շնորհակալություն Անտոնյանին, որ այսպիսի վիրահատություն արեցին, իսկ հիմա ձայնդ վնասել ենք, ամբողջ օրը գրում ես՝ «Իզմիրլյան»-ում ձայնս վնասել են»,- իր եւ բժշկի խոսակցությունից պատմեց Գառնիկը:
 
Երիտասարդը դատարան կդիմի
 
«Ես երբեք ձայնի խնդիր չեմ ունեցել, գնացել եմ վիրահատության, արթնացել եմ նարկոզից ու չեմ խոսել»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ պատրաստվում է դատարան դիմել: Իհարկե, այժմ կարեւորը բուժումն է: Ինչպես պատմեց, իրեն «Իզմիրլյան» կենտրոնը փոխհատուցում չի առաջարկել: Ավելին՝ այդ ընթացքում կատարվել են հետազոտություններ, որոնց համար ինքն է վճարել: «Մոտ 200.000 դրամի դեղ եմ գնել, շաբաթական մոտ 20.000-ի գնում եմ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վիրահատությունը եւ այսօրվա բուժման ծախսերն ապահովագրական ընկերությունն է կատարել, իսկ դեղերն իր միջոցներով է գնել:
 
Ոչ թե բժշկի անփութության պատճառով է եղել, այլ ստատիստիկ բարդություն է. տնօրենի պարզաբանումը
 
«Դա որեւէ մեկի մեղքը չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ, ստատիստիկ բարդություն է»,- մեզ հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նրա խոսքով՝ այս խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում՝ այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում: Տնօրենը նշեց, որ բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ, սակայն, նրա խոսքով, խնդիրն իրավիճակային է, նման բան կարող է պատահել, եւ հնարավոր է, որ պատճառը պացիենտի ձայնալարի կառուցվածքն է: Նրա պարզաբանմամբ՝ վերականգնվող բարդություն է, եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:
 
Չարչյանը, խոսելով Գառնիկի հետ հանդիպման մասին, նշեց, որ, ըստ իրեն, պարզապես ցանկանում է առիթից օգտվել: Նա այդ օրը «քյաշ» փող էր ուզում: «Դա դրամաշորթություն է, շանտաժով գումար վերցնել է»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ դրամական փոխհատուցման դեպքում պետք է լինի հանձնաժողովային փորձաքննություն: Հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյո՞ք այդ իրավիճակն ստեղծվել է բժշկի մեղքով, որովհետեւ հակառակ դեպքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: Խաչատրյանը, մինչ վիրահատությունը,
զգուշացվել է բոլոր հնարավոր բարդությունների մասին, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սխալը բժշկինն է, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, եւ որոշվի փոխհատուցման չափը:
 
Չարչյանի պնդմամբ՝ այստեղ թե Գերմանիայում, բուժման նույն սկզբունքն է գործում: 90-95 տոկոս հավանականությամբ ձայնը կվերականգնվի: Ճիշտ է, 3-4 տոկոս հավանականություն կա, որը այն մնա խռպոտ, սակայն եթե խնդիրն այդ աստիճանի լինի, ապա արտերկրում էլ չեն կարողանա բուժել:
 
Տնօրենը հերքեց, թե հիվանդանոցը չի հետաքրքրվել Գառնիկի առողջությամբ: Վիրահատող բժշկուհին պարբերաբար զանգահարել է «Modern Implant Medicine»: Նաեւ անձամբ կապվել է ապահովագրական ծառայության հետ, որպեսզի փոխհատուցեն Գառնիկի բուժման ծախսը: Մի քանի հետազոտության համար երիտասարդն է վճարել, սակայն, տնօրենի պնդմամբ, դրանք ապահովագրական փաթեթի մեջ չեն մտել եւ մեծ գումար չեն կազմել: Չարչյանը պատմեց, որ հետաքրքրվել են, իմացել, որ տուժողի վիճակը, ճիշտ է, շատ դանդաղ, բայց վերականգնվում է:
 
Տնօրենը եւս մեկ անգամ նշեց՝ նման խնդիր կարող է բոլոր կլինիկաներում պատահել: Հստակ չէ, բայց մոտ 10.000-20.000-ից մեկի մոտ նման բան կարող է լինել:
 
Անի Ավագյան
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 739 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար