Չենք տրվելու սադրանքների. «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատ

22-11-2019 16:52:43   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
infocom.am «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանում է տարածել՝ հայտարարելով, թե ընկերության վերաբերյալ «հերթական ապատեղեկատվությունն» է տարածվել։
 


«2019 թվականի նոյեմբերի 6-ին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը հերքման պահանջ է առաքել «Առաջին լրատվական» ՍՊԸ-ին, «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին և
լրագրող Գոհար Հայրապետյանին՝ 04.11.2019թ. «www.1in.am» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված տեսանյութի շրջանակներում վերջինիս կողմից ընկերության և դրա բաժնետերերի գործողությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկատվության վերաբերյալ:
 
Իրավունքի պաշտպանության նշված օրինական եղանակի օգտագործմամբ ակնկալվել է, որ լրատվական գործունեություն իրականացնող անձինք, քաջատեղյակ լինելով իրենց պարտականություններին, հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընկերությանը կտեղեկացնեն հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր կհայտնեն, որ հերքման տարածումը մերժվում է:
 
Օրենքով սահմանված պարտականությունը կատարելու
փոխարեն, նույն անձանց կողմից տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն, թե իբր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Գ. Հայրապետյանի կատարած արտահայտության համար և թիրախավորել «1-ին» լրատվականին (հավաստիանալու համար առաջարկում ենք օգտվել պաշտոնական datalex.am դատական տեղեկատվական համակարգից):
 
Նշված ապատեղեկատվությունը տարբեր հարթակներում դարձվել է քննարկման առարկա, արժանացել տարատեսակ գնահատականների, մեկնաբանվել տարբեր «մտահոգ» սուբյեկտների ցնորքների և մտասևեռումների շրջանակներում՝ իրավունքների պաշտպանության՝ պետության կողմից սահմանված և երաշխավորված, սակայն դեռևս չիրացված մեթոդների օգտագործումը ներկայացնելով որպես թիրախավորումներ, բռնաճնշման կամ լռեցման փորձեր:
 
Բոլոր նրանց, ովքեր փորձում են նմանատիպ շահարկումների, զրպարտությունների և մաղձի տարածման միջոցով արատավորել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործարար համբավը, ծանուցում ենք, որ մենք շարունակելու ենք գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, չենք տրվելու սադրանքների, և մեր հայեցողությամբ օգտագործելու ենք ՀՀ օրենսդրությամբ թույլատրված և երաշխավորված բոլոր միջոցներն ու եղանակները՝ պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:
 
Միաժամանակ, սանձարձակությունը, ցինիզմը, տգիտությունը կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքի հետ շփոթողներին տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ հռչակված՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց հիմնական իրավունքներն ու օրինական շահերը», - ասված է ընկերության տարածած պարզաբանման մեջ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 703 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար