Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը բացարձակ առաջնահերթություն է

22-11-2019 18:15:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ, կազմակերպել էր հանդիպում՝ ներկայացնելու երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը և տրամադրվող ծառայությունները։ Միջոցառումը նախաձեռնվել էր Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 30-ամյակի առիթով։ 
 
Բացման խոսքում ԱՍՀ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ երեխաներին ուղղված ցերեկային
ծառայությունների կարևորությանը՝ որպես երեխայի՝ ընտանիքում ապրելուն նպաստող էական գործոն՝ հատուկ ընդգծելով, որ 2020թ. ավելի քան կեռապատկվի այն երեխաների և այն ընտանիքների թիվը, ովքեր կկարողանան օգտվել պետական աջակցության ցերեկային ծառայություններից.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջնահերթ է համարում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։ Այս տեսանկյունից կարևոր ենք համարում ցերեկային ծառայությունների զարգացումը և ընդլայնումը, որոնք պետք է աջակցություն տրամադրեն կենսաբանական ընտանիքին և օգնեն կանխարգելել բոլոր այն իրավիճակները, երբ երեխաները հայտնվում են ընտանիքից դուրս մնալու վտանգի առաջ։ Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացրել ենք զգալի քայլեր, որոնք մեզ թույլ են տալու հաջորդ տարվա համար եռապատկել այն երեխաների և ընտանիքների թիվը, ովքեր կկարողանան օգտվել պետական աջակցության ցերեկային ծառայություններից»,- ասել է նա:
 
Տիկին Անդրեասյանը նաև առանձնացրեց այդ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների մշակման հարցում արդյունավետ համագործակցությունը՝ որպես հիմնաքարային սկզբունք նշելով այդ ծառայությունների ներառական և բոլորի երեխաների համար հասանելի լինելը։ 
 
 «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը ներկաներին շնորհավորեց Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի առիթով և նշեց, որ այդ փաստաթղթի հիմքում ընկած է Երեխաների իրավունքների ժնևյան կոնվենցիան (1924)՝ հեղինակված «Սեյվ դը չիլդրեն» հիմնադրամի հիմադիր Էգլանթին Ջեբի կողմից։ 
 
Տիկին Մովսիսյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց երեխայի պաշտպանության ոլորտում միջգերատեսչական համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը՝ մասնավորապես, նշելով.
 
«Այս տեսանկյունից հույժ կարևոր է ոչ միայն արդյունավետ մինչգերատեսչական համագործակցությունը, այլ նաև համատեղ ծրագրավորումը, գերակայությունների սահմանումը և բյուջետավորումը, քանի որ մենք չենք կարող երեխային
բաժանել ըստ համայնքային կյանքի, նախակրթական և դպրոցական կրթության, բռնությունից արդյունավետ պաշտպանության, որակյալ առողջապահության և սոցիալական պաշտպանության իրավունքի»։
 
Հանդիպման երկրորդ մասում ՀՀ ԱՍՀՆ  երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնի ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը և արձանագրված հաջողությունները, որից հետո ծավալվեց աշխույժ քննարկում տարբեր պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ու այլ դերակատարների միջև համագործակցությունը առավել համակարգված ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 400 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար