Գագիկ Ծառուկյանը, Աբու Դաբիի թագաժառանգն ու Հայկ Մարությանը

04-12-2019 14:18:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում շարունակեց խոսել Աբու Դաբիի թագաժառանգի՝ Երեւանում ունեցած բիզնես եւ ներդրումային մտադրություններից եւ հիասթափություններից:
 


Լրագրողների հետ զրույցում նա կրկին պնդեց երեկվա իր հայտարարությունը, թե թագաժառանգի ներկայացուցիչներին Երեւանի քաղաքապետարանում լավ չեն ընդունել: Երեկ, կրկին ԱԺ-ում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել եւ նրանք հիասթափված հեռացել են:
 
Ի պատասխան, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ «հանդիպում եղել է, եղել են ներդրողներ», սակայն ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է.
 
«Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա…Իրենց պետք էր, որ հանդիպումը լինի կիրակի օրը: Ես ասացի, որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում (առանց չափազանցնելու), եւ մեզ համար, ինձ համար մասնավորապես, շաբաթ-կիրակի գոյություն չունի: Ասացի՝ դուք որ օրը ասեք, մենք կհարմարվենք: 
Իրենք ժամ ասեցին, մենք հարմարվեցինք էդ ժամին, նաեւ պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով անպայման գա, ներկա լինի»,- պատմել է Մարությանը՝ հավելելով, որ պոտենցյալ ներդրողներին դիմավորել ու ընդունել են արարողակարգի բոլոր կանոններով, չնայած որ հյուրերը եղել են ջինսային հագուստով եւ իրենց հետ ներս են տարել բջջային հեռախոսներ:
 
«Ճիշտ է՝ մենք շատ պաշտոնական էինք հագնված, իրենք ջինսերով, մայկաներով եւ այլն, դա կարեւոր չի, համենայնդեպս հանդիպումը, խոսակցությունը եղավ շատ պրոդուկտիվ: Իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց եւ հյուրանոց: Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լինի՝ բացարձակ էդպիսի ոչ մի խոսակցություն չկար, այլ զուտ բիզնես, եւ շեշտը դնում էին Կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ Կենտրոնը շատ գերծանրաբեռնված է, գրեթե տեղ չկա»,- շարունակել է պատմել Մարությանը՝ հավելելով, որ առաջարկում են մասնավորից գնել տարածքներ, իսկ իրենք կաջակցեն՝ ինչով կարող են:
 
Այնուհետեւ, ըստ Մարությանի, սկսել են զանգել Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների հեռախոսները եւ չնայած այդ պահին Մարությանը ինչ-որ բան է ներկայացնելիս եղել՝ նրանք սկսել են հեռախոսներով խոսել: Քաղաքապետը, ենթադրելով, որ նրանք շտապում են, որոշել է եզրափակել խոսակցությունը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ պատրաստ են ամեն ինչով օգնել: Պոտենցյալ ներդրողները հեռացել են եւ այլեւս չեն դիմել քաղաքապետարան:
 
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միգուցե կենտրոնում իրոք տարածք չկա, Ծառուկյանը պատասխանեց. «Անհնարին ոչինչ չկա: Շատ բնակելի շենքեր կան, վթարային շենքեր կան, որ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք կրկնակի գնելու: Եթե այսօր մեկ քառակուսի մետրի արժեքը 1800-2000 դոլար է, մարդիկ պատրաստ են 4 հազար վճարել….Կան ընկերներ, որ ունեն, առաջարկել
են, բայց իրենք իրենց հզորությանը համահունչ ցանկացել են Կենտրոնում: Ոչ թե ասեն՝ դուք գնացեք գտեք տարածք»:
 
Անդրադառնալով հյուրերի պահվածքին (հանդիպման ընթացքում հեռախոսով խոսելուն)՝ Ծառուկյանը նկատեց. «Նորից եմ ասում՝ դատարկ-դատարկ բաների հետեւից խոսել…Եթե թագավորը զանգել է՝ ոնց ընթացավ բանակցությունը, նա չի իմացել ավարտվե՞ց, թե՞ չէ, նա պետք է պատասխանի, ասի՝ բանակցությունը ընթանում է»:
 
Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեղեկություններին, թե Աբու Դաբիի շեյխը երբեք չի եղել Երեւանում՝ Ծառուկյան ասաց, որ եթե օդանավակայանում նայեն՝ կերեւա, որ ապրիլի 26-ին շեյխը իր ինքնաթիռով 18 հոգով եկել է Հայաստան:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 919 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար