Մայրաքաղաք Երեւանի գլխավոր տոնածառն արդեն զարդարվում է. այս տարի այն չի փոխվի

04-12-2019 14:48:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի Հանրապետության հրապարակում այս տարի կլինի նույն տոնածառը, ինչ նախորդ տարի էր: «Ամեն տարի համայնքը չի կարող իրեն թույլ տալ նոր տոնածառ ձեռք բերել»,- ՀԺ-ին ասացին Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ քաղաքի ընդհանուր զարդարանքն էլ էապես չի տարբերվի:
 


Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: Այդ օրվանից սկսած՝ 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում:
 
Ինչպես արդեն քաղաքապետարանը տեղեկացրել է, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:
 
 
Ըստ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ գլխավոր իրադարձությունը լինելու է Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի
եւ նրա նվագախմբի համերգը: 
 
Հեքիաթային քաղաքի գաղափարը գործելու է մինչեւ հունվարի 13-ը: Ըստ կառավարության որոշման՝ այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսվել էր
271 միլիոն 797 հազար դրամ, որը գումարվելու էր Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է Ամանորի միջոցառումների համար նախատեսված ծախսերն ավելացնել 270 հազար դրամով: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ավագանու արտահերթ նիստում, որը հրավիրված է դեկտեմբերի 6-ին: Շրջանառվող փաստաթղթի համաձայն՝ նշյալ գումարով լեդ էկրաններ են վարձակալվելու: Արդյունքում այս տարի տոնական միջոցառումների համար հատկացվելիք ընդհանուր գումարը շուրջ 541 միլիոն դրամ է լինելու:
 
Իսկ թե ինչքան գումար էր հատկացվել նախորդ տարվա տոնական միջոցառումների համար, հանրության եւ լրատվամիջոցների աչքից վրիպել է. ուշադրությունը սեւեռվել էր մոտ 71 միլիոն դրամ արժողությամբ տոնածառի վրա: Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել էր տարատեսակ քննարկումներ: Նոր տոնածառ ունենալու սկզբնական ոգեւորությունը (քանի որ գլխավոր տոնածառը չէր փոխվել 2005 թվականից ի վեր) ֆինանսական հատկացումների ֆոնին շուտով տեղի էր տվել:
 
Հիշեցնենք, որ տոնածառի՝ այդ աղմուկ հանած արժեքի մեջ էր մտնում նաեւ ծառի տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք եւ ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր: Զուտ տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ էր, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար, տարբեր փայլուն գնդաձեւ խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ: 35 մետր բարձրությամբ արհեստական տոնածառը ռուսական արտադրության է:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար