Մահացած զինծառայողի հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ

04-12-2019 16:12:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Նախօրեին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի մոտ:
 


Զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն
Ավթանդիլյանը լրագրողներին ասել է, որ դիահերձարանից է գալիս, ոչ մի բան չի թաքցվելու, հերձմանը նաև
հարազատներն են մասնակցելու։ Զինծառայողի հուղարկավորությունը զինվորական կարգով է լինելու։
 
Լրագրողները զինվորական կոմիսարի պաշտոնակատարին հարցեր են ուղղել նաև մյուս՝ վիրավոր զինծառայողի՝ 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի վերաբերյալ:
 
«Չեմ այցելել, դրա համար չեմ կարող ձեզ պատասխան տալ. ռազմաբժշկական վարչության պետը ձեր պատասխանը կտա»,- ասել է նա:
 
Հարցին, թե դիրքեր բարձրանալուց քանի հոգով են լինում, նա հորդորել է հետաքրքրվել հրամանատարից:
 
«Ես զինվորական կոմիսար եմ, հրամանատար չեմ: Իրենց հետ հրամանատար է լինում՝ դասակի, վաշտի, դիրքի ավագ. առանց հսկողության չի լինում»,- ասել է Ավթանդիլյանը:
 
Ավելի ուշ` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո, Արթուր Աջամյանի հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ։
 
«Ես քննարկել եմ քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ։ Ես հայտարարեցի, որ պաշտպանության հանձնաժողովը, հանձինս ինձ, ներգրավվում ենք այդ գործընթացի մեջ, որ ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի»,- ասել նա։
 
Քոչարյանը խոստացել է հետագա բոլոր զարգացումների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղյակ պահել։
 
 
«Այս դեպքի հետ կապված որևէ մութ էջ չի մնալու»,- ասել է նա։
 
Ըստ Քննչական կոմիտեի տեղեկատվության` 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
 
Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև Դ. Մելիքբեկյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա, տուժող Ա. Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան Ա. Աջամյանի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 584 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար