Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում կազմակերպում է գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթացներ

11-12-2019 10:49:47   | Հայաստան  |  Տնտեսություն
 


ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից պարբերաբար իրականացվում են անվճար խմբային դասընթացներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:
 
Դասընթացներն անցկացվում են մարզային բաժինների մասնագետների կողմից, թեմաների ընտրությունն իրականացվում է հատուկ տվյալների հավաքագրման և վերլուծության արդյունքում, ինչպես նաև գիտնականների և գյուղոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առաջարկությունների հիման վրա: 
 
Հերթական խմբային դասընթացը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արարատի մարզի Արաքսավան համայնքում: Այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների
կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը:
Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ:
 
Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ:     
«Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ
ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», - իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը: 
 
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 392 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար