Ընտրական օրենսգրքի ԱԺ ուղարկված նախագծի տարբերակն անընդունելի է. Հայաստանյան ՀԿ-ներ

16-05-2016 17:34:07   | Հայաստան  |  Իրավունք
Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից ներկայացվածները:
 


Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ Նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և նորմերին թե՜ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե՜ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան ձևավորելու առումներով:
 
Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ն իրենց համատեղ եզրակացության մեջ առաջարկություններ են ներկայացրել Նախագծի խնդրահարույց դրույթների մեծ մասի վերաբերյալ: Ներկայացվել
են նաև այն նվազագույն առաջարկները, որոնք անհրաժեշտ են Նախագիծը գոհացուցիչ մակարդակի հասցնելու համար:
 
Թեպետ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը Նախագծում առկա ոչ բոլոր խնդրահարույց կետերին է անդրադառնում, մենք իշխանություններին և Ազգային ժողովին կոչ ենք անում` կատարել Եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները:
Հատկապես պնդում ենք, որ կարևոր են Եզրակացության 14-րդ և 15-րդ կետերում արված առաջարկությունները:
 
Մեր կողմից ավելի վաղ արված առաջարկություններին համընկնող բոլոր այդ առաջարկությունները չիրագործելը մեր կողմից կհամարվի ընտրական գործընթացի որակը և ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու` հասարակության և միջազգային հանրության պահանջին ականջալուր չլինելու ափսոսալի դրսևորում:
 
Օգտագործելով առիթը` վերահաստատում ենք մեր այն կարծիքը, որ ընտրական գործընթացի արժանահավատությունը և որակը փոխելու իրական ներուժ է պարունակում յուրաքանչյուր տեղամասում արդյունքների ամփոփումից անմիջապես հետո
ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ դրույթը:
 
Հայտարարությունը բաց է միանալու համար`
 
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
ՄԻՊ «Իրավագետ սերունդ» ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն - Հայաստան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1081 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար