Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ

28-11-2019 11:36:06   | ԱՄՆ  |  Հասարակություն
 


 
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ
Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:
 
Հուշագիրը ստորագրվել է Արտակ Բեգլարյանի՝ ս.թ. հուլիսին Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործուն աջակցությամբ: 
 
Հուշագրով ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցը պարտավորություն է ստանձնել ամբողջական կրթաթոշակներ տրամադրել արցախցի իրավաբաններին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ մագիստրատուրա սովորելու, ինչպես նաև տարբեր միջնաժամկետ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասնակցելու նպատակով: 
 
«Սա Արցախի իրավաբանների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ձեռք բերել մարդու իրավունքներին վերաբերող հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային և ամերիկյան իրավունքի զարգացումներն ու միտումները: ԱՄՆ Հայ իրավաբանների միության և Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի ղեկավարության շնորհիվ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարողությունների զարգացման գործում նոր և արդյունավետ ներդրում կկատարվի, ինչը խիստ անհրաժեշտ է Հանրապետության միջազգային ներգրավվածության բացակայության պայմաններում»,- նշել է Ա.Բեգլարյանը:
 
Հուշագրի ընձեռնած հնարավորություններից օգտվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որպեսզի ծանոթանան ծրագրին մասնակցելու պայմաններին ու ընթացակարգերին:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 325 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար