Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել

05-12-2019 12:16:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
pastinfo.am  Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
 


«Նախնական տվյալներով՝ մարմնի վրա հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով։ Ճակատային հատվածում՝ հրազենային վիրավորում։ Գնդակը դուրս է եկել ծոծրակից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու հանգամանքը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է մեկ հրազենային վնասվածք։
 
Հարցին, թե ի՞նչ զենքից է արձակվել կրակոցը՝ փաստաբանը նշեց, որ նախնական տվյալներով այն արձակվել է ինքնաձիգից, իսկ թե ում է պատկանել զենքը, պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո։
 
Նշենք, որ Հայարփի Սարգսյանը,ով տվյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, մասնակցել է դիակի դատաբժշկական փորձաքննությանը։
 
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,
մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։
 
Վիրավոր զինվորը դեռ գիտակցության չի եկել. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
 
ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով մեղադրյալ դեռ չկա, ինչին զուգահեռ մամուլի որոշ միջոցներում շրջանառության մեջ են դրվել հնարավոր ինքնասպանության վերաբերյալ վարկածը, որը վրդովվեցրել էր սպանված զինծառայողի հարազատներին։
 
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ սպանված զինծառայողի հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ՝ պահանջելով իրենց երեխային չկպցնել ինքնասպանության վարկածը։ «Ես ուզում եմ պատճառը իմանամ ինչի՞ համար է իմ էրեխեն սպանվել։ Ամսի 1-ին իմ էրեխեն ինձ հետ խոսացել ա, ասել ա՝ մամա ջան ես դիրքերում եմ եղել։ Ես արդարություն եմ պահանջում, իմ էրեխուն սպանողն ո՞վ ա եղել, բռնեք բերեք տվեք ինձ, պատճառը ի՞նչ ա եղել, որ անմեղ էրեխուն տանեք հայրենիքի համար ծառայի, դիակը բերեք տաք ինձ»,- ԱԺ շենքի առջեւ հայտարարել է սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մայրը։
 
Տուժող կողմի պահանջով նրանց հետ հանդիպեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ապա հանդիպումը շարունակվել ԱԺ-ում։ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ խոսել են այդ զորամասում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի մասին։ «Ինձ մոտ արդեն չորս քրեական գործ կա, որ վերջին երկու տարիների ընթացքում են տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ գործերը մահվան դեպքեր չեն, կան նաև սեռական բռնությանն առնչվող քրեական գործ և այլն։ Սարգսյանի խոսքով՝ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի։
 
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1013 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար