Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ անցում կատարել կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

05-12-2019 17:20:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Արդյունքում, անցում կկատարվի կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։ Օրինագծերով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սահմանելով բացառության որոշ դեպքեր: Մասնավորաապես՝ բացառություն կլինեն, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով նաև առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով: Նախ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Նախատեսվում է նաև, որ տվյալ բնակավայրում մինչև սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև սահանված ժամկետում կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը։ Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո ևս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով:
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է. «Ռազմավարական առումով եկեք արձանագրենք, որ,  չգիտեմ ինչ ժամանակացույցով, իքս
պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի: Հիմա մենք կրկնակի, եռակի, քառակի, 5 անգամ ավելի շատ ռեսուրս ենք ծախսում կոռուպցիոն գործեր քննելու և այլնի համար: Այդ ակտակտը և այլն, և այլն ինչպե՞ս է արվում՝ կանխիկի միջոցով»: 
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այստեղ էլ է առկա քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր: «Մեկուկես տարվա փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ խնդրահարույց երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու: Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո, երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ինչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: 
 
Իհարկե, խնդիրներ է բերում, բայց այդ խնդիրներն ամբողջ աշխարհում էլ կան, ամբողջ աշխարհը լուծում է, և դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ: Հիմա ինքնակառավարվող մեքենաներ, էլեկտրամոբիլներ են օգտագործում, որոնք այդ հարցերը լուծում են: Բայց Հայաստանում չկա իրավիճակ, երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Մենք ունենք երևույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ»:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սրանք լուրջ խնդիրներ են, որոնց մասին, պետք է նաև բարձրաձայն խոսել:  Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն   ընդգծել է   հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հարցի կարևորությունը. «Մենք այո՛, այդտեղ պետք է գնանք նաև կոշտ միջոցների, ասենք՝ եթե դու ոչ մեկին, այդ թվում քեզ, ոչ պիտանի մեքենան շարունակում ես պահել և միջավայրն աղտողտել, ուրեմն պետք է տուրք վճարես դրա համար: Հակառակ դեպքում մենք դուրս չենք գա այս փոսից, անընդհատ տեղապտույտ կկատարենք»:    
 
Վարչապետն անդրադարձել է նաև մետաղի ջարդոնից ազատվելու հետ կապված իր գրառմանը. «Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն՝ ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել՝ ոչինչ: Ու այստեղ կրկին գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ, փաստորեն, հեղափոխությունը նրա համար էր, որ այդ «ժեշտի կուզովները» նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու  բան է»,- ասել Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:
 
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Սոցիալական աջակցության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Ըստ այդմ՝ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ: Մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելով կարիքի գնահատման գործառույթը: Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման համար։ Մասնավորապես, մշակվել է կարիքների գնահատման համար անհրաժեշտ դեպքի վարման տեղեկատվական համակարգ, որի գործածումը կնպաստի գործընթացի  թվայնացմանը, կբարձրացնի դրա թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Այսպիսով, իրականացված քայլերն ամբողջության մեջ պետք է նպաստեն սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ամբողջական ներդրմանը՝ որպես հետևանք ունենալով նաև ավելի հասցեական և համայնքահենք ծառայությունների տրամադրումն ըստ գնահատված կարիքի։ 
 
Հավանություն է տրվել նաև ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաև Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի 8-րդ հանձնարարականի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով: Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ: Նախատեսվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Օրինագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ: Օրինագծով սահմանվել է կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: 
  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 471 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար