2019թ ՏՏ պետական մրցանակակիրը կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով

05-12-2019 18:52:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ դափնեկիր ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանատեի մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Տակեո Կանատեին հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխության դափնեկիրը լինելու համար, ընդգծել է գիտնականի ունեցած մեծ
ներդրումը համաշխարհային գիտության առաջընթացի գործում։ 
 
«Պարոն Կանատեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է: Նրա հայտնագործությունները մեծ նշանակություն են ունեցել և կարող են ունենալ ապագայում բժշկության, անվտանգության և ժամանցային ոլորտներում»,- ասել է նախարարի տեղակալը։
 
Արմեն Աբրոյանն ընդգծել մրցանակաբաշխության կարևորությունը, որը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը
հանդես գա որպես տարածաշրջանային կենտրոն։
 
«Մենք շատ ենք կարևորում մեր հայրենակիցների հաջողությունները և ներդրումը համաշխարհային ոլորտում, հիշում ենք նրանց անունները, բայց շատ կարևոր է նաև գնահատել համաշխարհային, այլ ազգի ներկայացուցչների ներդրումը տեխնոլոգիական ոլորտում, որը նաև թույլ է տալիս մեզ օգտվել այդ հայտնագործություններից»,- նշել է նա։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի ու ժողովրդի համար՝ ունենալ նման առաջնորդություն՝ ընդունելու, մեծարելու և վայելելու համաշխարհային նշանակության նման մեծությունների ներկայությունը Հայաստանում։ Նրա խոսքով՝այս միջոցառումն առավել ևս կարևոր է մեր երիտասարդության համար, նշել, որ այս շփումները լուրջ ներդրումներ են մեր երկրի ապագայի համար։ 
 
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշել է, որ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար, ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքը։ Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության 10-ը տարիների ընթացքում Հայաստանը բավականին աշխատանք է կատարել դեպի զարգացած տեխնոլոգիական երկիր լինելու համար։
 
Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Հրանտ Պողոսյանը խոսել է այն, թե ինչո՞ւ է առաջարկել պարոն Կանատեի թեկնածությունը, պատմել է նրա հետ ծանոթության մասին: 
 
«Նա ակադեմիական գիտնական է, արդեն 50 տարի է՝ աշխատում է այդ ոլորտում, որից մեկը այսօր բոլորիս համար դարձել է շատ հայտնի, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք, թե ապագան կապված է արհեստական բանականության հետ և Կանատե սենսեի հիմնական գործերը անմիջապես կապված են այդ ոլորտի հետ»,- ասել է Հրանտ Պողոսյանը։ 
 
Դոկտոր Տակեո Կանատեն շնորհակալություն է հայտնել նման մեծ պատվի արժանանալու և լինելու այն հայտնի 10 գիտնականների շարքում, որոնք արժանացել են այս մրցանակին։
 
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,- ընդգծել է դոկտոր Տակեո Կանատեն:
 
Նա նաև նշել է, որ հիացած է Հայաստանով, քանի որ լրջորեն ձեռնամուխ է եղել դառնալու տեխնոարդյունաբերական երկիր: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1229 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար