ԱԺ հերթական նիստում քննարկվել է գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը

12-12-2019 15:58:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Դեկտեմբերի 12-ին, համաձայն «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների համար սահմանված ժամկետացանկի, գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը:
 
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:
 
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է  «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
 
Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առաձնացրել գալիք տարում պլանավորված
ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին, ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 110 առաջարկություն՝ գրեթե 99 մլրդ դրամ գումարային ծավալով:
 
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները Ֆինանսների նախարարին առաջադրել են բյուջեի հավելուրդի, նախագծի վերաբերյալ ներկայացված առաջին փուլ առաջարկությունների արդյունքով ընդունված ծրագրային փոփոխությունների, նախորդ տարիներին կուտակած վարկային պարտավորությունների դիմաց տոկոսավճարների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:  
 
Հարակից զեկույցներ են ներկայացրել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Հարությունյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:
 
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը և Էդուարդ Աղաբեկյանը:
 
Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցադրումներին՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում ներկայացրել է բյուջեի սեփական եկամուտների ձևավորման գործընթացը
և առողջապահական մի քանի ծրագրերից օգտվելու՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հնարավորությունների շուրջ առկա պայմանավորվածությունները:
 
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն դեկտեմբերի 19-ին:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
--
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար