Կանցկացվի միջազգային աուդիտ՝ հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու նպատակով

16-01-2020 16:30:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության  և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին  պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:
 
Հիմնավորման համաձայն՝ 2015 թ.-ին հիմնադրված  «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության նպատակն է Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: 2016 թ. փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։
 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հետևողական քաղաքականությունն է ունենալ շատ կոնկրետ պատասխաններ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված:
 
«Ընդհանրապես, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային: Հեռուստատեսային շուկայում մենք, ըստ էության, այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Ես ուզում
եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը: Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 2 կառույց: Այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում գովազդային, հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է, այսպես ասած, հեռուստաընկերությունների վարկանիշերը և այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշերի: Այսինքն, ըստ էության, ավտոմատացված մեխանիզմ է, և հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ: Պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձնաց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»,-ասել է վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում թափանցիկության առումով կատարել է ահռելի քայլեր: «Միջազգային հանրություն այսօր արդեն սա շատ հստակ գնահատում է: Հետևաբար մենք պետք է կատարենք նաև հաջորդ քայլը. մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»: Անկեղծ ասած, մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների և մետաստազների: Հետագայում, կարծում եմ՝ մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է: Եվ երկրորդը՝ այն լրատվական
պատերազմը, որ մեր կառավարության և ժողովրդի դեմ տարվում է, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում է, որպեսզի մենք անընդհատ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք: Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա: Հեռուստատեսություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ արդեն վիճակագրություն ունեմ, պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս և բացատրում է մեր հանրությանը, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Նպատակի առումով կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-ասել է գործադիրի ղեկավարը: 
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ի պատասխան վարչապետի հարցին,  նշել է, որ պատրաստվում են ներդնել իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար